«Հայաստանը հավասարակշռում է Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև»

Հարցազրույց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու հետ

Պարոն, Սատանովսկի, ի՞նչ կարծիք ունեք այս օրերին Թեհրանում անցկացվող Չմիավորման շարժման գագաթաժողովի մասին և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ նշանակություն ունի այն այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից` որպես փորձ ստեղծելու հակակշիռ Արևմուտքին:

– Ես միգուցե մի փոքր անքաղաքավարի թվացող բան ասեմ, բայց Չմիավորման շարժումն արժե այնքան, ինչքան նրա անվանումը` ոչինչ: Չմիավորման շարժումն ունեցել է որոշ նշանակություն այն ժամանակ, երբ գոյություն ուներ հակամարտություն համաշխարհային երկու համակարգերի` երկու գերտերությունների միջև: Այն նշանակում էր՝ չեզոքություն: Շարժումն այսօրվա պայմաններում, երբ աշխարհը դադարել է լինել երկբևեռ, կորցրել է իր իմաստը: Եթե այն միանում է Իրանին, աջակցում է նրան Արևմուտքի դեմ, ուրեմն այն այլևս չի հանդիսանում չմիավորման շարժում, այլ հանդիսանում է իրանական քաղաքականության գործիք և շարժում Արևմուտքի դեմ: Հասկանալի է, որ Իրանը ցանկանում է գտնել եթե ոչ՝ դաշնակիցներ, ապա գոնե, այդ թվում և՝ Չմիավորման շարժման օրինակով, ցույց տալ, որ ինքը մեկուսացման մեջ չէ, և Իրան են գալու բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: Քանի որ շարժումը խորը ճգնաժամի մեջ է, ապա, պարզ ասած, այն ոչ մեկի պետք չէ, նրան ոչ ոք այլևս չի գնում, ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Վաշինգտոնը: Շարժման անդամ երկրների ներկայացուցիչները Թեհրան գնացին, ինչո՞ւ ոչ: Պարզապես հարցն այն է, որ դեմ հանդես գալով Արևմուտքին, այն պարզապես կդադարի գոյություն ունենալ:

– Իսկ ինչո՞ւ այն կդադարի գոյություն ունենալ, եթե հանդես գա Արևմուտքի դեմ:

Կարդացեք նաև

– Որովհետև աղջիկը չի լինում մի թեթև հղի, նա կամ լինում է հղի, կամ էլ՝ ոչ: Չմիավորման շարժումն իրոք կլինի չմիավորման շարժում, եթե նա ոչ ոքի հետ չմիանա, այլ լողա ջրի մակերևույթին` մի ափից խուսանավելով դեպի մյուսը, իսկ երբ նա միանում է այդ ափերից մեկին, նա արդեն դառնում է այդ ափի մի մասը:

– Նախորդ շաբաթ ամերիկյան «Reuters» գործակալությունը հրապարակեց մի հոդված, որում ուղղակի ակնարկվում էր հայ-իրանական սերտ հարաբերությունների վերաբերյալ ամերիկյան դիվանագիտական շրջանակների դժգոհության մասին, որից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը չի մեկնելու Թեհրան` մասնակցելու գագաթաժողովին, նրա փոխարեն մեկնեց արտգործնախարարը: Այս երկու հանգամանքների միջև որևէ կապ տեսնո՞ւմ եք:

– Դրանք Հայաստանի ներքին քաղաքականության հարցերն են, որոնցով ես երբեք չեմ զբաղվել և չեմ զբաղվելու, քանի որ ես կատեգորիկ կերպով չեմ ցանկանում զբաղվել հետխորհրդային երկրների քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, ապա դրանք ազնիվ են, շատ կարևոր Հայաստանի համար, զգալիորեն ավելի կարևոր, քանի Իրանի համար` հասկանալի պատճառներով: Սակայն Իրանի համար նույնպես Հայաստանը կարևորագույն պատուհան է դեպի աշխարհ, կարևոր ուղի է, որի միջոցով Իրանն անպայման ձգտելու է լուծել իր խնդիրները, այդ թվում՝ նաև ֆինանսական: Հայաստանն, իհարկե, հավասարակշռում է Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Իրանի միջև, և այդ առումով բավական խելամիտ է վարվում: Այդ հավասարակշռման չափը որոշում է պետության ղեկավարությունը, հետևաբար՝ Աստված թող նրան տա առողջություն, և նա էլ թող որոշի` ում և որտեղ ուղարկել կամ չուղարկել:

Հայաստանն իր սեփական օբյեկտիվ` աշխարհաքաղաքական շահերն ունի. Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի Իրանի հետ հարաբերությունների համակարգը: Այն կարող է ինչ-որ մեկին դուր գալ կամ դուր չգալ, բայց դա այդպես է: Եվ Իրանի մեծաթիվ հայկական համայնքը չափազանց ազդեցիկ է այնտեղ, Իրանի տնտեսական դերը Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները ներկայիս իրադրության տեսանկյունից չափազանց կարևոր են: Այդ շահերը հանդիսանում են ազգային պետության շահեր, չնայած Հայաստանը ստիպված է հավասարակշռություն պահպանել` չխզելով կամ չթուլացնելով Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք նույնպես կարևոր են, եթե ոչ՝ ավելի կարևոր: Հայաստանը հավասարակշռում է Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև, ահա այն չորս հիմնական ոտքերը, որոնց վրա հիմնված է հայկական արտաքին քաղաքականության աթոռակը: Բավական լավ բալանս է, և չի կարելի հանել այդ ոտքերից մեկը, քանի որ աթոռակը կսկսի երերալ:

 


 

 

Տեսանյութեր

Լրահոս