ԱԳՆ-ին բավարարում է Կենտրոնական բանկի պատասխանը
«Reuters» լրատվական գործակալությունն օգոստոսի 21-ին հրապարակել էր մի հոդված` «Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով շրջանցել բանկային պատժամիջոցները» վերնագրով, որտեղ մասնավորապես նշվում է, թե Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի հանդեպ այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայություններն ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը:
«Reuters»-ի հոդվածում հատկապես ուշագրավ է այն հատվածը, որտեղ նշվում է, թե ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որը վերահսկում է պատժամիջոցների կիրառումը Իրանի նկատմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի դեմ պատժամիջոցների հանձնաժողովին վերջերս ներկայացրել է մի զեկույց, ըստ որի՝ Իրանն ամեն կերպ միջոցներ է փնտրում՝ խուսափելու իր բանկային սեկտորի նկատմամբ սահմանափակումներից, և մի պետություն, որը սահմանակից է Իրանին, հայտնել է փորձագետների խմբին այն մասին, որ Իրանը հարցում է ուղարկել, որպեսզի այդ երկրում բացի նոր ֆինանսական հաստատություններ: «ՄԱԿ-ի որոշ դիվանագետներ, ովքեր ծանոթ են խմբի հետ, հաստատեցին, որ այդ անանուն պետությունը հանդիսանում է Հայաստանը, որտեղ Իրանն արդեն ունի բանկային կապեր»,- նշված է հոդվածում: «Չնայած Հայաստանի ժխտմանն ապօրինի բանկային գործարքների վերաբերյալ, դիվանագետներն ասում են, որ Իրանը չի նահանջում և փորձում է ընդլայնվել, և ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են իրենց հայ գործընկերներին ֆինանսական վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ»: Հաշվի առնելով թեմայի նշանակությունը, նաև այն, որ «Reuters»-ն իր հրապարակման մեջ հղում է արել ՄԱԿ-ին ներկայացված զեկույցին, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք Արտգործնախարարությունը որևէ կերպ չի արձագանքելու դրան: Տ. Բալայանը, սակայն, սահմանափակվեց՝ ասելով միայն. «Կենտրոնական բանկն արդեն արձագանքել է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 21-ին արձագանքել էր «Reuters»-ի հրապարակած հոդվածին: «Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»,- գրված է ՀՀ ԿԲ հայտարարությունում: Ըստ այդ հայտարարության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանակներում: