«Ոչ թե ընթերցող չկա, այլ՝ գրադարանում նորմալ գիրք չկա»
«Հայաստանի 1000-ից ավելի համայնքների 90 տոկոսը մեկ գիրք անգամ չի ստացել: 10 մարզային գրադարաններից յուրաքանչյուրը տարեկան ստանում է 350.000 դրամ, ինչը շատ քիչ է տվյալ մարզում գտնվող բոլոր գրադարանները նոր և արժեքավոր գրքերով համալրելու համար:Այդ գումարով հնարավոր է գնել ընդամենը մեկ արժեքավոր գիրք»:
Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հատկապես շրջանների գրադարանների վիճակն անմխիթար է, այնտեղ հազվագյուտ է հանդիպում այնպիսի գիրք, որն արժեքավոր է և հետաքրքիր: Արդյունքում՝ ոչ թե ընթերցող չկա, այլ՝ գրադարանում նորմալ գիրք չկա, որի համար, ըստ նրա՝ ընթերցողը կգնա գրադարան:
Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ խոսքը, ոչ միայն տպագիր գրականությանն է վերաբերում, այլև էլեկտրոնային գրականությանը, քանի որ այժմ հայաստանյան հրատարակչությունները հրապարակում են նաև էլեկտրոնային գրքեր:
«Մի կողմից գրադարանների անմխիթար վիճակը, իսկ մյուս կողմից՝ գրադարանավարների անբավարար աշխատավարձը… այս ամենի արդյունքում արժեքավոր գիրք չկա, լինելու դեպքում էլ այն նորմալ ներկայացնող չկա»,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ գրադարանավարի աշխատանքը ամենացածր վարձատրվող աշխատանքն է, ում աշխատավարձը ցածր է անգամ հավաքարարի աշխատավարձից:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ «գրադարանավարի վրա է դրված գիրքը ընթերցողին ճիշտ ներկայացնելու խնդիրը», մինչդեռ նա իր ընտանիքի և կենցաղային ամենատարբեր խնդիրները չի կարողանում լուծել: «Բազմաթիվ համայնքներում անգամ կրճատվել են գրադարանավարի հաստիքները, մինչդեռ տվյալ համայնքների ղեկավարները գրադարանավարին տրվող աշխատավարձով կարող են, օրինակ՝ իրենց Ջիպի ակը փոխել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Լոռու մարզի գյուղերից մեկում վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ այնտեղ շատ շատերն էին ընթերցել Րաֆֆու ստեղծագործությունները հե’նց գրքի ճիշտ ներկայացման և գյուղում այդ գրքի հայտնվելու արդյունքում:
«Գրքի պահանջարկն առաջանում է նաև դրա ճիշտ ներկայացման շնորհիվ: Օինակ, մեր հարևան Վրաստանում գրքի արժևորման քաղաքականություն է տարվում, և կարևորվում է գիտելիքի ձեռքբերումը: Նույն քաղաքականությունը գուցե տարվում է նաև մեզ մոտ, սակայն այդ ամենը շատ դանդաղ քայելորով է կատարվում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: