«Պետությունն ընտրել է չարյաց փոքրագույնը». Միհրան Պողոսյան
Այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման դատական լսումը:
Դատական նիստին ներկա չէր դատապարտյալ Աշոտ Մանուկյանը: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարանի աշխատակազմ առաջին զանգով ասել էին, որ դատապարտյալին դատարան կհասցնեն ժամը 12-ից մի փոքր ուշ: Երկրորդ զանգով ասել էին, որ դատապարտյալին դատարան կհասցնեն 1 ժամ ուշ: Եղել էր նաև 3-րդ զանգը: Ասել էին, որ հստակ ժամ չեն կարող ասել, թե երբ դատապարտյալին կկարողանան բերել դատարան: Սա նիստի սկզբում հայտնեց դատավոր Մնացական Հարությունյանը:
168.am-ը Քրեակատարողական ծառայությունից փորձեց ճշտել, թե ինչո՞վ էր պայմանավորված խնդիրը:
«Դատարան տեղափոխումը կապված է եղել փաստաթղթային և տեխնիկական որոշ խնդիրների հետ»,- 168.am-ին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հենց այդ խնդիրների պատճառով դատապարտյալ Աշոտ Մանուկյանի դատարանում ներկա չլինելու և դատախազի՝ ավելի ուշ ժամի ծանրաբեռնվածություն ունենալու հետևանքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Վերաքննիչ դատարանի բակում որոշմանն էր սպասում նաև Աշոտ Մանուկյանի մայրը, որը դատարանից ակնկալում է արդար դատավարություն:
«Ավել բան չեմ պահանջում: Ուղղակի խնդրում եմ, որ դատը ընթանա օրենքին համապատասխան: Խնդրում եմ դատարանին լինել անաչառ, լինել անկողմնակալ: Եվ ուզում եմ դատարանից հստակ իմանալ երեխուս մերժելու պատճառները: Ինքը 24 տարի նստած է: Եթե 24 տարի 2 քրեակատարողական հիմնարկում նստելով՝ 2 տեղից էլ ունի լավ, դրական նկարագիր, ինչո՞ւ են մերժում: Ի՞նչ չի արել, որ հիմա նոր պիտի անի: Թող ասեն, մենք իմանանք, ինքն էլ իմանա: 2 գիրք ունի գրած: Մեկը՝ իր 24 տարվա ապրածի ու զգացածի, մյուսը՝ Ապրիլյան պատերազմի մասին»,- ասաց Աշոտ Մանուկյանի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պատիժը կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին 3 օր առաջ հայտնել էր արդարադատության նախարարը: Քրեակատարողական ծառայության այս որոշումը դատապարտյալի մորը չի բավարարում:
«Արդեն հերիք ա, 24 տարի նստած է երեխես: Ես ուզում եմ իմ տղան դրսում լինի, որովհետև նա արդեն կատարյալ մարդ է: Հանցագործություն կատարել է 19 տարեկանում, բայց ինքն արդեն 43 տարեկան է: Ինքը այն 19 տարեկան տղան չէ: Ես գիտեմ, որ նա իրեն կարող է լավ դրսևորել, լավ որդի, լավ ամուսին, լավ հայր լինել: Հերիք ա, թող դուրս գա, մի քիչ էլ ինքն այս արևի տակ ապրի: Իմ համար Աշոտի ապրած տարիները այն 19 տարին էին: Այս 24 տարին, կարելի է ասել, դուռ ու լուսամուտով, բայց գերեզման է եղել իմ երեխու համար: Ես ուզում եմ դուրս գա, ապրի, ապացուցի հասարակությանն էլ, որ ինքը կարող է ապրել ու հասարակության համար պիտանի լինել»,- 168.am-ին ասաց Սաթենիկ Մանուկյանը:
Քրեակատարողական ծառայության որոշումն ընդունելի չէ նաև դատապարտյալի փաստաբան Միհրան Պողոսյանի համար:
«Կարծում եմ, որ պետությունը այս առումով ընտրել է չարյաց փոքրագույնը, և եթե բոլորը գիտակցում են, որ Աշոտ Մանուկյանը ենթակա է պատժից վաղաժամկետ ազատման, և եթե դատարանը որոշում չի կայացրել, այս կերպ փորձում են մեղմել Աշոտ Մանուկյանի վիճակը, որը մեր համար անընդունելի է»,- ասաց փաստաբանը:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին դեռ չեն տեղափոխել կիսաբաց՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Փաստաբանը նշեց, որ խնդիրը տեխնիկական է, հնարավոր է՝ իր վստահորդը չտեղափոխվի «Սևան» ՔԿՀ մինչև հաջորդ դատական նիստը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը 168.am-ին ասաց, որ մինչև հաջորդ դատական նիստը հնարավոր չէ, որ Մանուկյանը մնա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման դատական հաջորդ լսումը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա դեկտեմբերի 2-ին ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 3 ժամկետային զինծառայողի սպանության համար: Նա 1996 թվականին գտնվել է զինվորական ծառայության մեջ, երբ կատարել է երեք ժամկետային զինծառայողի սպանությունը: Նրանցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ