Բաժիններ՝

Վիետնամում ութ մարդու են ձերբակալել Բրիտանիայում 39 միգրանտների զոհվելու գործով

Վիետնամում ոստիկանությունը եւս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է VnExpress տեղական հրատարակությունը: Անգլիայի Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դիակ է հայտնաբերել բեռնատարում, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել Բելգիայից:

Մեկ շաբաթ անց իրավապահները հայտնել են, որ բոլոր զոհվածները Վիետնամի քաղաքացիներ էին: Անօրինական միգրանտների ուղարկման ցանցի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ութ մարդ ձերբակալվել է նոյեմբերի 3-ին Նգեանի նահանգում: Նշվում է, որ այդ տարածաշրջանի 21 բնակիչներ կորել են Մեծ Բրիտանիայում՝ երկիրը լքելով ապրիլից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում:

Նահանգի իշխանությունները կորածների ազգականների ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում Էսեքսի ողբերգության զոհերի ճանաչման համար: Անցած շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Էսեքսի գործի հետաքննության շրջանակում երկու մարդու է ձերբակալել Հատինի նահանգում: Բրիտանիայում այդ սպանությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա Մորիս Ռոբինսոնը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Ավելի ուշ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց: Ռոբինսոնի գործով դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 25-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս