Մեր ուժը մեր խելքի մեջ է
«Հայաստանը օգտակար հանածոներով հարուստ երկիր չէ, մեր ուժը միշտ էլ եղել է մարդկային կապիտալի, այսինքն՝ մեր խելքի մեջ, ուստի մենք պետք է կարողանանք ավելի շատ օգտվել մեր մարդկային կապիտալից: Անչափ կարևոր է, որպեսզի հատկապես նոր սերունդն առավել կարևորի և ուշադրություն դարձնի գիտությանը և տեխնոլոգիաների զարգացմանը, հատկապես՝ սփյուռքում: Ճիշտ է, այսօր կա Սփյուռքի նախարարությունը, սակայն, գուցե երազանքի նման է, կցանկանայի, որպեսզի Հայաստանում և սփյուռքում տարբեր հետազոտական ինստիտուտներում եւ համալսարաններում աշխատող առաջատար մասնագետ գիտնականները ուղղակի կապեր ունենային միմյանց հետ, իսկ հայ ուսանողները գային և ուսում ստանային սփյուռքի տարբեր երկրների լավագույն համալսարաններում, ուսանեին այստեղ և վերադառնային Հայաստան: Այսօրվա գլոբալիզացված աշխարհում գիտությունն ուղղակիորեն կենտրոնացած չէ մեկ վայրում, և կարևոր է օգտագործել աշխարհի տարբեր վայրերում գտնվող առաջատար եւ սրտացավ, գիտակ և փորձառու մեր հայրենակից գիտնականների ներուժը եւ ներդրումները Հայաստանը դարձնելու առաջատար երկիր համաշխարհային մակարդակում: Այդ կապերը այսօր մեզ պակասում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Curiosity» մարսագնաց ծրագրի մասնակից, ռադիոկապի ինժեներ Ռիչարդ Օհանյանը:
Նշենք, որ ամերիկյան «Curiosity» մարսագնացի վրա աշխատել է 17 հայ, այդ թվում՝ 4 կին: Մարսագնացի ծրագրին մասնակից հայերն են Ավո Դեմիրճյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Խաշակին, Ֆելիքս Սարգսյանը, Հրայր Այնթաբլյանը,Կարեն Խանոյանը, Ռիչարդ Օհանյանը, Սերժիկ Զադուրյանը, Վազրիկ Խարախանյանը, Գայանե Ղազարյանը, Հենրի Հարությունյանը, Արմեն Դուրյանը, Զարեհ Գորջյանը, Ջուլի Իսպիրյանը, Լուսի Աբրահամյանը, Արշալույս Շամիլյանը և Արբի Կարապետյանը:
Հայերը նշանակալի ավանդ են ունեցել այս կարևոր ծրագրում, որի միջոցով առաջին անգամ հնարավոր դարձավ դեպի Մարս ուղարկել մոտ 1000 կգ քաշ ունեցող ռոբոտ, որը ունի 10 գիտական լաբորատոներ իր վրա եւ թույլ է տալիս Մարս մոլորակի վրա ավելի խորը ուսումնասիրություն իրականացնել՝ այնտեղ գոյություն ունեցող մթնոլորտի և հնարավոր կյանքի վերաբերյալ:
«Սա ուղղակի ապացուցեց, որ հնարավոր է նման ծանր կշիռ ունեցող սարքավորում իջեցնել Մարս մոլորակի վրա: Դա արդեն մեծ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ նախորդ մարսագնացները բավականաչափ փոքր էին, սրանցից մոտ 5-6 անգամ ավելի փոքր»,- ասաց Ռ. Օհանյանը:
Ըստ նրա՝ առաքելության մյուս նորարարությունն այն էր, որ սարքն արևի ճառագայթներից չի օգտվում, այն միջուկային էներգիա էր օգտագործում, սարքի վրա տեղադրված էր հատուկ ռեակտոր:
Ռ. Օհանյանի տեղեկացմամբ, NASA-ի դեպի տիեզերք և տարբեր մոլորակներ առաքելություններն իրականացվում են Jet Propulsion Laboratory-ի (JPL) միջոցով, որը կառավարվում է «California Institute of Technology» (Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի) միջոցով: «Ընդհանրապես JPL-ն աշխարհում ամենաառաջատար լաբորատորիան է, որը դիզայնից մինչև ամբողջական սարքի պատրաստումն է կատարում, անգամ դրա ուղղորդումն ու տվյալների փոխանցումն իրականացվում է այդ կենտրոնի միջոցով: Միայն սարքի ուղարկելն է Ֆլորիդայից կատարվում, մնացած ամեն ինչ կատարվում է NASA-JPL-ում»,- ասաց Ռ. Օհանյանը:
Նրա խոսքով՝ JPL-ում աշխատում են տարբեր բնագավառներից մոտ 5000 մասնագետներ, այդ թվում՝ ծագումով մոտ 100 հայ, ովքեր տարբեր ծրագրերի վրա են աշխատում:
Հայերն ընդհանրապես Լոս Անջելեսում, մանավանդ՝ Գլենդելի և Փասադենայի շրջաններում բավական շատ են, իսկ կազմակերպությունը՝ JPL-ը, որն աշխատում է մարսագնացի ծրագրի վրա, մոտ է գտնվում Գլենդելին, ուստի հայերը դիմում են և աշխատանքի են անցնում հենց այնտեղ:
«Դա նորմալ երևույթ է, չէ՞ որ մենք էլ ունենք բավականաչափ լավ մակարդակի հայ մասնագետներ՝ ինժեներներ, գիտնականներ, ովքեր բավական լուրջ ներդրում են ունենում նման խոշոր ծրագրերում, դա նորմալ երևույթ է»,- ասաց Ռ. Օհանյանը՝ նշելով, որ ընդհանրապես հայերը «ոգով ստեղծող ազգ են», և որ ոլորտում և որ երկրում էլ որ դիտարկենք՝ Պարսկաստան, Լիբանան, Ամերիկա կամ Ֆրանսիա, հայերը ներդրում ունեն թե՛ գիտական, և թե՛ ինժեներական տեխնոլոգիաների բնագավառում:
«Ժամանակին, եթե Խորհրդային Միության մեջ ասում էին, որ Հայաստանը բավական առաջատար է տեխնոլոգիայի մեջ, այսօր էլ մենք հուսով ենք, որ այդ մակարդակին կհասնենք: Առհասարակ, ապագա սերնդի համար մենք կարող ենք որպես օրինակ ծառայել, չէ՞ որ մենք՝ հայերս, կարող ենք ցանկացած առաջատար և զարգացած երկրների մեջ մեր ներդրումն ունենալ ու դրանով փաստել, որ մենք էլ մի քիչ ասելիք ունենք տարբեր բնագավառումներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Օհանյանը:
Ըստ նրա՝ նոր սերնդի մեջ պետք է տարածել այդ մտածելակերպը, և ընդհանրապես անհրաժեշտ է՝ սփյուռքի և Հայաստանի գիտականների փորձառության և գիտելիքի փոխանակում կատարել՝ ուղղակի և հիմնավոր կապերի շնորհիվ: «Եթե ինձ և ընդհանրապես սփյուռքում բնակվող ցանկացած հայ գիտնականի մոտենաք, ապա նույն ցանկությունը և նույն զգացումն ունի, իհարկե, որոշ սահմանափակումներ էլ կլինեն, քանի որ տեխնոլոգիայի փոխանակման հարցի մեջ, այսպես ասած՝ պատենտի և հեղինակային իրավունքի հարցեր կան, բայց ես կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կցանկանա հնարավորին չափով Հայաստանի հայ գիտնականի հետ գիտելիքի և փորձի փոխանակում իրականացնել»,- ասաց Ռ. Օհանյանը:
Նրա խոսքով՝ հայերն ունեն բավարար գիտական ներուժ, ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ռազմավարական և երկարաշունչ ծրագրերի պլանավորում և իրականացում, կապերի ստեղծում և կենտրոնացում, ինչպես նաև՝ առաջնահերթությունների որոշակիացում:
Նշենք, որ մարսագնացի նման կոմպլեքս ծրագրերը կարող են իրականացնել միայն երկարատև և մասնակի ծրագրավորումով, մասնագետների ներդրումով, թիմային աշխատանքով և հազարավոր գիտնական-ինժեներների նվիրվածության շնորհիվ: Իհարկե, այս ծրագրերի վրա ծախսվել է 2.5 մլրդ դոլար և դա ապացուցում է Ամերիկայի կառավարության ուշադրությունը NASA-ի առաքելություններին:
«Անհրաժեշտ է, որպեսզի նոր սերունդն ավելի կարևորի գիտությունը և տեխնոլոգիաները, քանի որ առանց դրա երկիրը չի կարող զարգացած երկիր համարվել, դա է ապագան: Իսկ եթե դրան գումարվի նաև Հայաստանի և սփյուռքի մեր մասնագետ գիտնականների լուրջ համագործակցությունը և տարբեր վայրերում ապրող գիտնականների ուղղակի կապը, օրերից մի օր հնարավոր կլինի Հայաստանը դարձնել մեր տարածաշրջանի «Սիլիկոնային հովիտը»»,- ասաց Ռ. Օհանյանը:
Հ. Գ. Նշենք, որ Ռիչարդ Օհանյանը հանդիսանում է նաև «ArmEngine» միջազգային խմբի հիմնադիրը: Խումբն էլեկտրոնիկայի, համակարգչային գիտության/ճարտարապետության և կամ հարակից ոլորտներում համագործակցության ցանց է, որի նպատակն է՝ հզորացնել հայ ինժեներներին նոր գաղափարներով, ինչպես նաև՝ նպաստել նրանց միջև տեղեկությունների փոխանցմանը, որոնք միտված են հաջող ապագային: