Բաժիններ՝

«ՀԿԾՀ-ն ի սկզբանե հարցին մոտեցել է պրովայդերներ-պետություն տեսանկյունից՝ առանց գիտակցելու, որ սա ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին». Շուշան Դոյդոյան

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) ի սկզբանե հարցին մոտեցել է պրովայդերներ-պետություն տեսանկյունից՝ առանց գիտակցելու, որ սա ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և այդ իրավունքների իրականացմանը պետության միջամտությանը, մասնավորապես, անձանց անձնական տվյալների պաշտպանության ոլորտին»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Կարող է պատահի՝ մեզ հետևո՞ւմ են. անձնական տվյալների գաղտնիությունը՝ կասկածի տակ» թեմայով քննարկման ժամանակ:

Վերջինս նկատեց, որ այդ փաստաթղթով սահմանվում են հարաբերություններ, երբ որ պետությունը, առանց մարդկանց համաձայնության, սկսում է հավաքել, պահել, մշակել մարդկանց անձնական տվյալները: Այսինքն՝ սա բացառապես անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիր է:

«Իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ասում է, որ անձանց անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե կա անձանց համաձայնություն, եթե այդ տեղեկություններն առկա են հանրամատչելի աղբյուրներում, և եթե սահմանված է օրենքով: Այսինքն՝ նման հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե հանձնաժողովի ինչ-որ ենթաօրենսդրական ակտով: Սա սխալ է, հակասահմանադրական և հակաօրինական, և լավ է, որ այս աղմուկը բարձրացվեց»,- նշեց Շուշան Դոյդոյանը:

Քննարկման մյուս բանախոսը՝ իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, անդրադառնալով ՀԾԿՀ վկայակոչած միջազգային առաջադեմ փորձին, ասաց, որ նրանց վկայակոչած դիրեկտիվը 2014թ. ՄԻԵԴ խարտիայի կողմից համարվել է մարդու իրավունքներին հակասող և չեղյալ է համարվել:

«Կան շատ պետություններ, որտեղ պահվում են մարդկանց անձնական տվյալները, բայց այդ ամենն արվում է օրենքի շրջանակներում: ԵՄ-ն նման փորձ արեց, և ՄԻԵԴ-ը գտավ, որ անձնական տվյալների զանգվածային հավաքագրումն անընդունելի է, քանի որ դրանք ոչ միայն անձնական տվյալներ են, այլև մարդու վարքի ցուցանիշներ»,- նշեց Դավիթ Սանդուխչյանը:

Նա հիշեցնում է, որ այսօր հաքերային գրոհների մեծ մասը կազմակերպվում է պետական մարմինների կողմից, և անձնական տվյալներն այն «գանձն» են, որ միշտ գտնվում են հաքերների ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովը հաշվի չի առել նաև այն փաստը, կարծում է բանախոսը, որ մենք պատերազմող երկիր ենք, և անձնական տվյալների պաշտպանությունն առավել կարևոր ու առաջնահերթ խնդիր պետք է լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս