Մարտական գեներալից՝ «կոնյունկտուրային» գեներալ
Արդեն տևական ժամանակ է՝ խորհրդարանում իր աշխատանքներն է իրականացնում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը: Շատերի գնահատմամբ՝ այն ստեղծվել է՝ բացառապես ծառայելու համար Նիկոլ Փաշինյանի շահերին, և, որ հանձնաժողովի նպատակն է, այսպես ասած, ինչ-որ բան գտնել ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձություններում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության և կատարած քայլերի մեջ։ Հանձնախմբի աշխատանքների շրջանակում տարբեր պետական ու ռազմական գործիչներ իրենց կարծիքն ու նկատառումներն են ներկայացնում հանձնաժողովականներին։
Այսօր, պարզվում է՝ հանձնաժողովում բավականին հետաքրքրիր մտքի փայլատակումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը (հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերականգնել է Հարությունյանի գեներալական կոչումը)։ Հարությունյանն իր խոսքում պնդել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը ճիշտ չի գնահատել ստեղծված իրավիճակը, ինչի արդյունքում թույլ են տրվել թե օպերատիվ, թե տակտիկական բացթողումներ։
Ըստ նրա՝ պետք է ուսումնասիրվի, թե ինչ հանգամանքներում է հայկական կողմը հարյուրից ավելի մարդկային կորուստներ ունեցել։ «Արդյո՞ք դա տեղի է ունեցել ոչ ճիշտ որոշումների արդյունքում։ Պետք է հասկանալ, թե ինչ է զեկուցվել հետախուզության կողմից, և ինչպես է դրան արձագանքվել։
Միանշանակ թերություններ եղել են։ Պետք է ուսումնասիրել, այդ զոհերը համապատասխանո՞ւմ են իրավիճակի բարդությանը, թե՞ ոչ։ Պետք է գնահատել, թե որոշումների ճշմարտացիության դեպքում ի՞նչ կորուստներ կլինեին»,- ասել է նա։
Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա, քանի որ ռազմական ոլորտի ներկայացուցիչ է, նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյա, և տեսակետ է հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ։ Սակայն դա՝ միայն առաջին հայացքից, քանի որ նույն Հարությունյանը 1,5-2 տարի առաջ տված իր հարցազրույցներում այլ կարծիք էր արտահայտում։
Օրինակ, 2017-ի ապրիլի 1-ին Հարությունյանն ասել է․ «Մեր զինվորներն ավելի պատրաստված են, և սա է հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ: Խոսվում է այն մասին, թե որքան պետք է մեր երեխաները զոհվեն: Այո, դա շատ ցավալի է բոլորիս համար: Բայց հարցն այսպես է դրված՝ կա՛մ պարտվում ենք, կա՛մ էլ շարունակում ենք պայքարել` հզորացնելով բանակը»:
Իսկ 2018 թվականի ապրիլի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Հարությունյանը նշել է․ «Ադրբեջանը չի կարողացել հասնել այն նպատակին, որը հետապնդում էր 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ»:
Նրա խոսքով՝ կային մի քանի պատճառներ, որոնք դրդեցին Ադրբեջանին դիմել ապրիլյան արկածախնդրությանը: Նրա կարծիքով՝ ռազմական առումով հայկական կողմը հաջողության է հասել և թույլ չի տվել Ադրբեջանին հասնել իր առջև դրված նպատակին:
Նրանց կորուստները զգալի էին՝ շուրջ 500 մարդ, ինչպես նաև տեխնիկա: Անդրադառնալով հայկական կողմի տարածքային կորուստներին, նախկին նախարարը հավաստիացրել է, որ դրանք ռազմավարական նշանակություն չեն ունեցել:
Վերջին շրջանում մի տեսակ մոդայիկ է դարձել սեփական գաղափարներին հակասելը կամ, ասենք, սկզբունքներին հակառակ ակնհայտ գործելու ֆենոմենը, որը չի համապատասխանում տվյալ գործչի քաղաքական հայացքներին ու ռացիոնալության հետ ոչ մի աղերս չունի։ Ինչո՞ւ է այսօր նա նման գնահատականներ հնչեցնում, թերևս, դժվար չէ կռահել:
Սակայն նման հակասական գնահատականներ հնչեցնելը, առաջին հերթին՝ պատվաբեր չէ հենց գեներալի համար, քանի որ նա իր ուսադիրները վաստակել է մարտի դաշտում և հայրենիքին մատուցած ծառայությունների համար, և ստացվում է, որ վաստակաշատ գեներալն իրեն դասում է շարքային «քայլած հեղափոխականի» շարքում, և բացառապես Ն. Փաշինյանին հաճոյանալու համար՝ իշխանության ականջը շոյող մեսիջներ է շրջանառում հասարակության մեջ։
Բնավ զարմանալի չէ, որ նախկին պաշտպանության նախարարը, ով բավականին լուրջ ռազմական ճանապարհ է անցել, իր մեկ տարի առաջ տված հարցազրույցում հնչեցրած գաղափարներին տրամագծորեն հակառակ տեսակետներ է հայտնում, քանի որ, ինչպես ասում է ժողովրդական հայտնի խոսքը՝ որտեղ հաց, այնտեղ կաց»։ Փաստ է՝ Հարությունյանը հակասում է սեփական խոսքերին՝ կուլ գնալով քաղաքական կոնյունկտուրային։
Արմեն Հովասափյան