Բաժիններ՝

«Ոչ հողս են տալիս, ոչ էլ՝ փողս». Քաղաքացին՝ իր հողի վրա կառուցվող շինության մասին

«85 տարեկան եմ, գյուղացի մարդ: 18 տարի սրանց ձեռքը տառապում եմ: Իմ հողերը վերցրել-վաճառել են օլիգարխներին, 18 տարի է՝ ինձ չարչարում են: 2014 թվականին տվեցի դատարան: 3 տարի ինձ քարշ տվեցին: 2016թ. կինս հանկարծակի մահացավ, փաստաբանիս զանգեցի, թե՝ խնդրում եմ, դատավորին դիմիր, նիստը հետաձգեք, մինչև արարողությունները կվերջանան, նորից կշարունակենք: Նա գնացել, իմ  փոխարեն, նույնիսկ հետին թվով, գրել էր, թե իմ վստահված անձը հրաժարվում է հայցադիմումից: Հիմա թե փող են տվել, թե զաստավիտով, չգիտեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ապավեն Զաքարյանը, ով 1958-1989թթ. աշխատել է Ձորաղբյուրի անտառ-պտղաբուծական սովխոզում, սկզբում՝ որպես տեղամասի պետ, ապա՝ գլխավոր անտառապետ:

«1988 թվականին հիմնել եմ «Տաճարապատ» կոոպերատիվը: Հող եմ մշակել, անասուն եմ պահել: Հատկացվել է 0.5 հա հողատարածք՝ գոմաշինության համար: Նույն տարում Ձորաղբյուր գյուղի անտառտնտեսությունից 50 տարի ժամկետով (1988-2039թթ.) պայմանագրով 120 հա հող եմ վերցրել՝ գյուղմթերքի մշակման համար:  Հիշյալ տարածքից 30 հա-ն եղել է վարելահող, 40 հա-ն՝ երիտասարդ ընկույզի տնկարկ, իսկ մնացած 30 հա-ն՝ արոտավայր և խոտհարք:

1999թ. հողաբաժանության ժամանակ կոոպերացիայի հողային տարածքը վերցվել և բաժանվել է գյուղացիներին. ընկույզի այգուց՝ 31 հա, վարելահողից՝ 25հա: Տվյալ տարածքից կոոպերատիվի իրավունքին մնացել է միայն 5 հա տարածք, որը ծառայում է՝ որպես արոտավայր:

Հետագայում գյուղապետը, չեղյալ համարելով կոոպերատիվի իրավունքները, պահանջել է վերագրանցում: Աճուրդային կարգով կնքվեց վարձակալական նոր պայմանագիր՝ 25 տարի ժամկետով: Սակայն 2005թ. գյուղապետ Ա.Մուքայելյանը հայտարարեց, որ վարձակալական հողերը ենթակա են վաճառքի: Այդ պատճառով նույն տարածքներն աճուրդային կարգով գնեցի: 2007թ. նոր քարտեզագրում է կատարվել և հաշվի չառնելով մեր իրավունքները՝ կոոպերացիայի իրավասության ներքո գտնվող 0.5 հա տարածքը վաճառվել է  այլ անձի: Կոոպերացիային պատկանող տարածքի վրա ժամանակին կատարել եմ բազմաթիվ աշխատանքներ.4 հա տարածք, որը նախկինում եղել է թուրքական գյուղատեղի, մաքրել եմ քարերից, դրան հարակից 6 հա տարածքի վրա, որը եղել է քարքարոտ, նախկին գերեզմանատեղի և սելավատար, կառուցել եմ լճակ, որի տարողունակությունը եղել է շուրջ 30 հազար խորանարդ մետր, լճակին հարակից տարածքի վրա դարավանդներ եմ կառուցել և տնկել ընկուզենիներ, տարբեր ծառեր, որոնցից շատերն այժմ կան, լճակն էլ կա, բայց չի գործում:

Այս տարածքը վերադարձնելու համար 2002-ից ի վեր անընդմեջ դիմել եմ ՀՀ գյուղնախարարություն, դատախազություն և տարբեր ուժային կառույցների, սակայն անարդյունք:

Կոոպերացիայիս կես հեկտարը, որը գոմ պետք է սարքեի, վաճառված է Կարեն  Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Առաքելյան Համիկին:  Հիմա, դե, գյուղերը միացրել ենք, մենք Ջրվեժի կազմում ենք, արգելեցի, որ իմ  հողի վրա շինարարություն անեն, բայց ժամանակին ինչ-որ կեղծ գծագիր է տվել համայնքի ղեկավարը, ու հիմա շենք են կառուցում: Իմ ներկայացրած փաստաթղթերը հաշվի չեն առնում, 2008թ. ներկայացրած կեղծ փաստաթո՞ւղթն են տեսնում ու շինթույլտվություն տալիս: Ի՞նչն է պատճառը: 6-7 ամիս է՝ նոր շենք են կառուցում այդտեղ: Ես գումար եմ ծախսել, հող եմ մշակել, սա իմ պապերի գնած հողն է, 50 տարի պայմանագրով մշակել եմ, հիմա ոչ հողս են տալիս, ոչ էլ՝ փողս»,- նշեց Ձորաղբյուրի բնակիչը:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Ջրվեժի համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի հետ:

«Ձորաղբյուրի անտառային տնտեսություն հասկացություն չկա, վերջացել է դա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ քաղաքացին հայտնում է, որ այդտեղ առանց թույլտվության՝ շենք են կառուցում, նա պատասխանեց. «Չի կարող նման բան լինել: Շենքը կառուցում է քաղաքացին՝ սեփական հողամասի վրա, նա ունի սեփականության վկայական:

Համայնքների խոշորացումը եղել է 2017 թվականին, դրանից առաջ քաղաքացին ունեցել է սեփականության վկայական, որի վրա այսօր բնակելի տուն է կառուցում: Սեփականության վկայականը 15-20 տարվա է, այդ շենքը եղել է կիսակառույց, քաղաքացին վերակառուցում է»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս