Ռումինիայում բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես
Ռումինիայի խորհրդարանի շենքում հոկտեմբերի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն/Ion-Marcel CIOLACU, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և օրենքի համահեղինակներ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանն ու Վարուժան Փամբուկչյանը:
Ներկաները ծանոթացել են հայկական այբուբենի ինքնատիպությանը, Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներին ու մանրանկարչությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանական կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: