Իրանից Հայաստան ներմուծված տեխնիկական աղն օգտագործում են սննդի մեջ. «Ավանի աղի կոմբինատի» ղեկավարը շարունակում է ահազանգել
Ամեն տարի Իրանից Հայաստան մեծ քանակով տեխնիկական աղ է ներմուծվում՝ մինչև 5000 տոննա, և այդ աղի զգալի մասն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում՝ վտանգելով քաղաքացիների կյանքը և առողջությունը, մինչդեռ այն նախատեսված է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ օգտագործելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքը և իր աշխատակիցներն են կատարել աղի շուկայի ուսումնասիրություն, որի արդյունքները տագնապալի են: Եվ սա՝ այն բանից հետո, երբ արձանագրել են կոմբինատի աղի սպառման ծավալների նկատելի նվազում:
Նրա պնդմամբ՝ պետական ատյաններից իրենց մտահոգությանը պատասխանել են՝ այո՛, նման դեպքեր եղել են:
Կոնկրետ փաստեր, սակայն, լրագրողներին չներկայացվեցին, ընդամենը դատողություն՝ «Հայաստանում արդյունաբերությունն ի վիճակի չէ մարսել 5000 տոննա տեխնիկական աղը, բայց այն լուծվում է շուկայում»։
«Ավանի աղի կոմբինատի» ղեկավարը չգաղտնազերծեց նաև այն ընկերությունների անունները, որոնք ձեռք են բերում տեխնիկական աղ՝ ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
«Հարց է ծագում` ո՞ւր է գնում այդ աղը։ Պատասխանն ակնհայտ է. այն օգտագործում են սննդի արդյունաբերությունում։ Անկեղծ ասած` դա հանցագործություն է։ Տեխնիկական աղը մշակվում է կալիումի ֆերոցիանիդով, որը սպիտակեցնում է այն։ Իսկ դա չափազանց թունավոր նյութ է»,- ասաց Ղուկասյանը։
Ըստ նրա՝ սննդի արդյունաբերության ձեռնարկությունները նույնիսկ կարող են չիմանալ իրենց տրամադրվող աղի ծագման մասին, այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան պետական կառույցները` Սննդի անվտանգության ծառայությունը, իրավապահ մարմինները։
Արեգ Ղուկասյանը վստահեցրեց, որ մի քանի անգամ դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով ստուգումներ անցկացնել սննդի օբյեկտներում:
Պետծառայությունում հայտարարել են, որ ժամանակ առ ժամանակ ստուգումներ իրականացվում են և առգրավվում տարբեր ծավալների տեխնիկական աղ։
168.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց. «Մենք մշտադիտարկում ենք իրականացնում։ արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք»:
Մարիամ Պետրոսյան