Բաժիններ՝

Քանի՞ խրոխտ խոստում է կատարվել

«Մաքրելու ենք», «վերակառուցելու ենք», «կանաչապատելու ենք», «բարեկարգելու ենք» և մի շարք այլ խոստումներով Երևանի քաղաքապետի ընտրություններին  քարոզարշավն իրականացրած Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց անցել է մեկ տարի։ Այսօր Երևանի ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին Մարությանի պաշտոնավարման ժամանակաշրջանը՝ հիշելով տված խոստումները։

Երևանի քաղաքային տրանսպորտի, կանաչապատման և վերելակների խնդիրների լուծման ուղղությամբ Հայկ Մարությանի պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում որևէ աշխատանք չի կատարվել, իսկ մանկապարտեզների հերթագրման,  օնլայն մեխանիզմի մեկնարկը տրվել է դեռևս նախորդ տարիներին, ինչը պարզապես իրականություն դարձավ այս իշխանության կառավարման ժամանակաշրջանում։ Այս մասին ասաց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով, որ լսել է բազմաթիվ խոստումներ, որոնք չեն կատարվել։

Ավագանու անդամի խոսքով՝ աղբահանության հարցն էլ մասամբ է լուծվել, որովհետև նոր օպերատորի խնդիրը կարգավորված չէ։

Կարդացեք նաև

«2019 թվականի զարգացման ծրագրում նշված է, որ բաց և թափանցիկ մրցույթով պետք է նոր օպերատոր ներգրավվի, ընդամենը երկու ամիս է մնացել, այդ մրցույթը չի  հայտարարվել։ Եթե դա 2019  թվականի համար չկատարվեց, ապա կհամարենք, որ 2019 թվականի կոմունալ բլոկի համար ունենք ձախողում»,- ասաց  Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ առհասարակ չի խոսում մետրոյի, ճոպանուղու մասին, քանի որ անգամ դրանց վերաբերյալ նախագիծ առկա չէ։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ Հայկ Մարությանի տված խոստումները չեն կատարվել՝  բացառությամբ աղբահանության խնդրի, որն էլ, ըստ Առաքելյանի, ժամանակավոր լուծում է ստացել։

Ավագանու ԲՀԿ-ական անդամը հիշում է նաև Հայկ Մարությանի հայտարարությունները՝ կապված ուռճացված հաստիքների և քաղաքի բյուջեն ճիշտ բաշխելու հետ։

«Երբ Մարությանը դարձավ քաղաքապետ՝ նշեց, որ նախկին կոռումպացված իշխանություններն ուռճացրել էին հաստիքները։ Մարությանն ասաց, որ՝ հիմա մենք կգանք, այդ հաստիքները, քաղաքի բյուջեն ավելի ճիշտ կուղղորդենք, բայց այս մեկ տավա ընթացքում տեսանք, որ քաղաքի բյուջեն ավելացավ, ավելացան հաստիքները և պարգևվաճարները։ Այդ խրոխտ խոստումներից միայն աղբահանությունն է ժամանակավոր լուծված։ Օրինակ, պարոն Մեսչյանն ասաց, որ բարերարի միջոցով  ճոպանուղու կառուցումը կսկվի Նոր Նորքից, բայց դրանից ձայն չկա: Աջափնյակի բնակիչները սպասում են, որ մետրոյի նոր կայան են ունենալու, բայց այդ մասով էլ է լռություն, իսկ տրանսպորտի կարգավորման համար ընդամենը մեկ-երկու քննարկում ենք ունեցել»,- ասաց ավագանու ԲՀԿ-ական անդամը։

Ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների մտահոգությունները, սակայն, չի կիսում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

«Մեկ տարին բավարար ժամանակ չէ երկու ենթակառուցվածքային խնդրի լիարժեք լուծում տալու համար։ Հարցերի լուծումը մենք խոստացել ենք կատարել հինգ տարում, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արդեն հինգերորդ տարվա վերջում ենք և հիմա էլ պետք է հաշվետվություն տանք մեր չկատարած խոստումների համար»,- ասաց  Խաչունցը։

Նա տրված խոստումները չկատարելու մասին բարձրաձայնողներին հիշեցնում է՝ Երևանի փողոցներն ազատվել են աղբից, դա Երևանի քաղաքապետարանի գործողության շնորհիվ է և դա շատ մեծ ձեռքբերում է:

«Կավելացնեմ նաև ոռոգման ցանցի կարգավորման և լուսավորության հարցերի լուծումը։ Եկեք ֆիքսենք, որ մենք առաջին տարվա ավարտին ենք և շատ բան սովորել ենք և սովորելու ենք, և, եթե ասում ենք, որ մանկապարտեզների օնլայն համակարգի ներդրումը նախկիններն էին սկսել, ապա արդարացիորեն պետք է նշել այն խնդիրները, որոնք նախկինները կուտակել են,- ասում է Խաչունցը՝ ընդգծելով,- Մարդու սիրտ է ցավում, որ տեսնում է՝ ոնց են վաճառել քաղաքը»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս