4000-ից 100․000 այցելու՝ 15 տարում․ մեկնարկել է ԴիջիԹեքը
Այսօր մեկնարկել է հերթական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսը առանձնանում է նրանով, որ այն անցկացվում է ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովին զուգահեռ։ Սա լրացուցիչ հնարավորություններ է տալիս ցուցահանդեսին մասնակից ընկերություններին։ ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք և հակառակ ուղղությամբ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ այս տարի ԴիջիԹեքը նշում է իր 15 ամյակը։ 2004 թվականին մասնակից ընկերությունների թիվը եղել է 30-ը, իսկ մասնակիցներինը՝ 4000-ը, իսկ նախորդ տարի մասնակիցների քանակը եղել է 80 հազար։ Կարեն Վարդանյանը համոզված է, որ առաջիկա օրերին մասնակիցների քանակը կգերազանցի 100 հազարը։
«Մեր հանրապետությունում 15 տարեկան կառույցներ գրեթե չկան։ Ես հույս ունեմ, որ ԴիջիԹեքը այլևս մշտական կառույց է, և այլևս ներկայացնելու է Հայաստանը դրսում։
Մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մեզ հետ է Հնդկաստանի և մեր ոլորտում աշխարհի ամենախոշոր ընկերության ղեկավար Նարայանա Մուրտին։ Մենք ունենք հյուրեր նաև Դուբայից և շատ այլ երկրներից»,- բացման խոսքում նշում է Կարեն Վարդանյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա նշում է, որ ԴիջիԹեքի մասնակիցները ունեն մեծ հնարավորություն ցուցահանդեսի օրերին, քանի որ կան մի շարք հյուրեր արտասահմանից, ովքեր մասնակցում են WCIT-ին։ Միայն Նարայանա Մուրտիի ընկերությունը՝ Infosys-ը, ունի շուրջ 200 միլիարդ դոլար ակտիվներ ամբողջ աշխարհում։ Հակոբ Արշակյանի խոսքով, այս ընկերությունները հետաքրքրված են հայկական ՏՏ ոլորտում ներդրումներ ունենալով։
Կազմակերպիչները նշում են, որ ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:
ԴիջիԹեքի ցուցահանդեսի բաժիններն են՝ կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցություն և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն:
Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, VMware, VOLO, Instigate, Early one, InOne, HackTech, Mtech, TCO և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև «Արմաթ» կրթական ցանցի` Հայաստանով և Արցախով սփռված ավելի քան 280 դպրոցների սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու այս տարի առավելապես ներկայացված են ՀՀ ԲՏԱ նախարարության հովանու ներքո: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է:
Սիրարփի Աղաբաբյան