Բաժիններ՝

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առերևույթ կատարված խարդախության գործով հետախուզվողները ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով հետախուզվողները՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերևույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, որոնց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, 2019թ. հոկտեմբերի 1-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսօրվա դրությամբ՝ քրեական գործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս