Բաժիններ՝

«Նեղսրտած եմ, ինչ խոստացել ենք, չենք արել». «Իմ քայլի» պատգամավորները մտահոգված են

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նշենք, որ նախագծով փակվելու են  բուքմեյքերական գրասենյակները և այդ բիզնեսով  զբաղվող տնտեսվարողներն իրավունք են ունենալու  Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և մարզկենտրոններում ունենալ ընդամենը մեկական կետ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նեղսրտած է և այն համոզմանբ է, որ այն, ինչ խոստացել են, չեն արել։

«Կարծում եմ՝ մենք ինչ խոսատցել ենք՝ չենք անում, խոստացել ենք, որ փակելու ենք, բայց հիմա դա չենք անում։ 4 ընկերություն կա և ստացվում է՝ մի փոքրիկ Երևանում թույլ ենք տալիս, որ օրենքով 40 գրասենյակ գործի, իսկ եթե վաղը ևս մեկ ընկերություն բացվի, կստացվի 50 գրասենյակ կլինի։ Կարծում եմ՝ 40 գրասենյակն էլ բավարար, որ մարդիկ իրենց տունն ու տեղը կրվեն, ընկնեն այդ քաշքշուկների մեջ, ընտանիքներ քանդվեն»,- իր մտահոգությունները բարձրաձայնեց իմքայլական պատգամավորը։

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ չի բացառվում որ այդ չորս ընկերությունները մասնատվեն և գրասենյակների քանակն ավելացնելու հնարավորություն ունենան։

Իմքայլական մեկ այլ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի համար էլ՝ այս օրենքի հիմքում դրված փիլիսոփայությունն է անընդունելի, քանի որ այստեղ կա մեծ բացթողում՝ կապված այն չորս քաղաքների հետ, որտեղ թույլատրվում է նման գործունեություն ծավալել։

«Ծաղկաձորում թողնում ենք բուքմեյքերական գրասնեյակներ բացելու հնարավորությունը, այդ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչ կարող է կատարվել այդ քաղաքում։ Եթե մենք ունենք տուրիստական հոսք ՀՀ խաղատներում, ապա այս գրասենյակներից օգտվում են հիմնականում տեղի բնակիչները՝ մսխելով իրենց և իրենց հարազատների  ունեցվածքը։ Կրկնում եմ՝ այս դրույթը պետք է վերանայվի»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ առաջարկվող օրենքով մեկական բուքմեյքերական գրասենյակներ կարող են բացվել Երևանում, ՀՀ բոլոր մարզկենտրոններում և Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան քաղաքներում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս