Դատավոր Մհեր Արղամանյանը հրաժարվել է քննել Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նրա պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքները։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի որոշումը և խնդրել՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել։

«Բողոք բերած անձինք փաստարկել են, որ վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։

Մասնավորապես, բողոքաբերների պնդմամբ` Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում` անձը կալանավորվել է՝ առանց դատավարությանը փաստացի ներգրավվելու, քանի որ զրկվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից:

Բողոքի հեղինակները, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ընդգծել են, որ դատարանն իր լիազորությունները կիրառել է այնպիսի մեկնաբանմամբ, որը հակասում է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերների փաստարկների, սույն գործի նյութերի, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշման, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված` Վերաքննիչ դատարանի կողմից մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում թույլ տալու, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննությունն իրականացվել է առկա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում:

Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքները վարույթ ընդունելը ենթակա է մերժման»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ այս գործը մակագրվել է դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանին, որը «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու Դավիթ Արղամանյանի հայրն է։

Տեսանյութեր

Լրահոս