Բաժիններ՝

Ինչու է Կառավարությունն առաջարկում «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից

Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ին մեկնարկած հերթական նստաշրջանի օրակարգում է ներառված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում`այդ ցանկից հանելով «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:

Նածագծի զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝  Կառավարությունն առաջարկում է նշված ընկերությունները հանձնել հավատարմագրային կառավարման։

Բաբայանը նշեց, որ «Էներգաիմպեքս» ընկերության մասնավորեցման  ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախորդ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ այն հիմնավորմամբ, որ էներգետիկայի արտահանման և ներկրման անխափան գործընթացով, մեծածախ շուկայից էներգիա գնելու և արտահանելու գործընթացով կարող է զբաղվել  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը, որի դերում հանդես է գալիս հենց «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն։

Ըստ Բաբայանի՝ «Հայփոստը» մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է Տրանսպորտի և կապի և ՏՏ նախորդ նախարարությունը՝ հետևյալ հիմնավորմամբ. ««Հայփոստի» մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային ծառայությունները ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ամբողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նախագծի զեկուցողից հետաքրքրվեց՝ իսկ ինչ կերպ է կարգավորվելու  «Հայփոստի» բարձրագույն ղեկավարության ստացած բարձր աշխատավարձերի հարցը, և արդյո՞ք պետությունը դերակատարում է ունենալու ծախսեր-եկամուտներ-աշխատավարձեր հարաբերակցության մեջ։

Ի պատասխան՝ Նարեկ Բաբայանը նշեց, որ հարցի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, սակայն կարծում է, որ ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու ժամանակ ստորագրվող պայմանագիրը կկարգավորի այդ հարցերը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ ինչ ակտիվներով է «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն վերադարձվում պետությանը։

«Իմ հիշելով՝ արժեքը գնահատված է 196 միլիոն դրամ»,- պատասխանեց Բաբայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս