Բաժիններ՝

Դիրիժոր Անդրեյ Բորեյկոն Հայաստանում կղեկավարի Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը

Մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան` Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը ղեկավարելու համար, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում։ Այն կատարելու է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մենակատարն անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Անդրեյ Բորեյկոն աշխարհի լավագույն դիրիժորներից է, բարձրակարգ պրոֆեսիոնալ, որը եղել է այնպիսի առաջատար նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, ինչպիսիք են Համբուրգի սիմֆոնիկ, Դյուսելդորֆի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Jenaer Philharmonie, Winnipeg Symphony և Բելգիայի ազգային նվագախմբերը: Ներկայումս Բորեյկոն Նեապոլի Ֆիլհարմոնիկի Artis-Naples նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նա վաղուց է ծանոթ Մանսուրյանի ստեղծագործություններին և առաջին անգամ Հայաստան է ժամանել հատուկ մաեստրոյի հոբելյանին մասնակցելու և նրա ստեղծագործությունը ներկայացնելու համար:

Մանսուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915 թվականի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է և եղբայրասպանության սիմվոլը: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, և ինքս ինձ համար այն անվանեցի “Kyrie eleison”, “Dies irae” և “Lacrimosa”»:

Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր, դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):

Սեպտեմբերի 27-ի համերգի առաջին բաժնում Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Դվորժակի թիվ 9 «Նոր աշխարհ» սիմֆոնիան:

Այս համերգը յուրահատուկ իրադարձություն է մեր երկրի երաժշտական կյանքում և Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է: Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Հեղինակավոր «Gramophon Classical Music Awards»-ի մրցանակակիրներ դաշնակահար Էշլի Վոսը և ջութակահար Բորիս Բրովցինը ալտահար Դավիթ Աբրահամյանի հետ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը: Փառատոնի փակման համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս