«Ինչո՞ւ էսպես լուռ գնան-գան ժողովուրդը. Հո բոլորը չե՞ն կարող գնալ Գյումրի». Համաքաղաքացիները տոնական մթնոլորտ էին ուզում նաև մայրաքաղաքում
Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված պաստառների դիզայներական լուծումները տարբեր շրջանակներում դժգոհությունների առիթ դարձան. շատերը նշում էին, որ ընտրված տառատեսակն անընթեռնելի է, տողադարձերը՝ սխալ: Կազմակերպիչները, սակայն, այս ամենի հետ կապված խնդիրներ չեն տեսնում՝ մեկնաբանելով, որ արվեստ է, իսկ այն միշտ սուբյեկտիվ է ընկալվում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշել էր. «Վերջնական դիզայնն ընտրել է աշխատանքային խումբը, և դիզայնի տրամաբանությունը հետևյալն է. այստեղ ուղղագրության խնդիր չի եղել, տրամաբանությունը սիմետրիան է, որպեսզի քառակուսի լինի: Եթե նույն տառատեսակն օգտագործեինք և տողադարձն անեինք` ոնց օրենքն է սահմանում, այս դիզայնը չէինք ստանա: Ընդհանրապես, այն, ինչ կապված է դիզայնի հետ, միշտ սուբյեկտիվ է, և որոշակի շրջանակներ միշտ դժգոհ կլինեն մի լուծումից»:
Իրենք խնդիրներ չեն տեսնում, բայց այն տեսնողներ ու բարձրաձայնողներ կան. Մասնավորապես, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել էր, որ դիզայներական այս լուծումները խախտում են օրենքը.
«Ուղղագրական կանոններն ամրագրված են Տերմինաբանական կոմիտեի որոշումներով՝ դրանք ունեն ենթաօրենսդրական ակտերի կարգավիճակ: Պատկերացնո՞ւմ եք այն ավերիչ հետևանքները, որ ունենալու են դպրոցականների ուղղագրության վրա»:
Տոնի հետ կապված սա միակ դժգոհությունը չէր. երևանցիները կարծում են, որ տոնական միջոցառումներ նաև անկախ պետության մայրաքաղաքում պետք է կազմակերպվեին: Մայրաքաղաք Երևանում տոնի նշույլ առհասարակ չկա:
Հիշեցնենք, ինչպես հայտարարվել էր, այս տարի Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումները տեղի են ունենում Գյումրիում. Մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից սա հրաշալի գաղափար է, մեկնաբանումը, թե հայրենիքը միայն Երևանը չէ, նույնպես՝ անվիճելի փաստ, բայց անկախ Հայաստանի մայրաքաղաքի լռությունն ու անտեսված փողոցները, ըստ երևանցիների՝ առհասարակ չեն փոխանցում տոնական տրամադրություն:
«Ինչո՞ւ էսպես լուռ գնան-գան ժողովուրդը. Հո բոլորը չե՞ն կարող գնալ Գյումրի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց համաքաղաքացիներից մեկը:
Նինա Վերմիշյանը մեզ հետ զրույցում խոսեց իր խնդիրների մասին՝ ասելով, որ դժգոհ է բոլոր իշխանություններից, իր կողմից ընտրված նոր վարչապետից՝ նույնպես.
«Ինչո՞ւ մեզ մոտ չարեց, ես իրեն եմ ընտրել, ինչի՞ է մեզնից փախչում»:
Մեկ ուրիշն էլ նկատեց, թե գուցե ֆինանսական միջոցները չեն բավականացրել և՛ Գյումրիում, և՛ Երևանում տոնակատարություններ կազմակերպելու համար:
Ի դեպ, տոնական միջոցառումների համար այս տարի հատկացվել է շուրջ 220 միլիոն դրամ:
Զարուհի Դիլանյան