«Ահաբեկիչների փոխանակումը կնշանակի՝ ահաբեկչության լեգիտիմացում և Արցախում իրավիճակի ապակայունացում, չի՛ լինելու նման բան». Դավիթ Բաբայան

Բաքուն ցանկանում է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

Ավելի վաղ հայկական կողմը թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե ՀՀ ԱԳ նախարարության մակարդակով մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը, պնդելով, որ փոխանակում չի կարող լինել, եթե անձինք սպանություններ և ծանր հանցագործություններ են իրականացրել:

Սակայն նախօրեին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել, որ Ադրբեջանում պահվող երկու հայ գերիները՝ Կարեն Ղազարյանը ու Արայիկ Ղազարյանը, կարող են փոխանակվել Արցախի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: «Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,- ասել է Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ խնդրի հետ կապված՝ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ. պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի այդ առաջարկությունը: «Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք չեմ կարող բացահայտել։ Որոշ տեղեկության ճշգրտման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ստանանք մենք այդ ճշգրտված տեղեկություններն Ադրբեջանից, կարձագանքենք»,- նշել է նախարարը։

Տոնոյանը շեշտել է, որ սկզբունքորեն դեմ չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու են այդ գործընթացին։ «Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում հարցը, և դա ճիշտ մոտեցում չի առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասել է Տոնոյանը։

Հարկ է նշել, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Արցախում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիները զենքի գործադրմամբ առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: Իսկ ՀՀ քաղաքացիները, ում ադրբեջանական կողմը ցանկանում է փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ, որևէ հանցանք չեն կատարել:

Ավելին, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանում 2018թ. հուլիսի 15-ին: 2019թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, Ադրբեջանում է հայտնվել զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։

«168 Ժամի» հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ նման ձևաչափով փոխանակումն անընդունելի է Ստեփանակերտի համար: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի ամենակարևոր հայտարարությունն այն է, որ այդ հարցը գտնվում է Ստեփանակերտի ինքնիշխանության տիրույթում, և այս հարցը պետք է որոշի Ստեփանակերտը:

«Ի՞նչ է անում Բաքուն՝ այս դիմումը պաշտոնական Երևանին ինքնին ահաբեկչություն է, որովհետև Երևանն ի՞նչ կապ ունի Շուշիում իրենց ազատազրկումը կրող ադրբեջանցիների հետ, որոնք դատապարտվել են Արցախի Օրենսդրության և օրենքների համաձայն, բայց Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- ասաց Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ ներկայացրեց. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք ևս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որպեսսզի նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասաց, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը, կստացվեր, որ մենք այն ընդունում ենք, համակերպվում ենք այդ արարքի հետ: Նույնը, նրա խոսքով, այս դեպքում է:

Բաբայանի կարծիով, եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, դա կնշանակի լեգիտիմացնել Սաֆարովին, լեգիտիմացնել այդ ահաբեկչությունը և առհասարակ ապակայունացնել իրավիճակն Արցախում, քանի որ Արցախում կպայթի իրավիճակը, և որևէ մեկը որևէ կերպ չի կարողանալու այդ պայթյունը կասեցնել, որովհետև այդ մարդիկ դատապարտվել են հանցագործությունների համար:

«Իսկ եթե վերադարձնենք, մենք պետք է ասենք, թե դատավարություն էլ չի եղել, դատ էլ չի եղել, ամեն բան սուտ է եղել, այդ մարդիկ վերադառնալով Ադրբեջան՝ հարյուրավոր նման ահաբեկիչներ են դաստիարակելու, որոնք էլ ավելի համարձակ են անելու իրենց ահաբեկչությունը՝ վստահ լինելով, որ իրենց պետությունն իրենց մեջքին կանգնած է: Չի՛ լինելու նման բան, սա կնշանակի՝ ոտնահարում ենք զոհվածների արյունը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ Դավիթ Տոնոյանը ստիպված պետք է պատասխաներ այդ հարցին, քանի որ Ադրբեջանը նման հարցով դիմել է Հայաստանին, ուստի տարբերակ չուներ չանդրադառնալ այդ հարցին:

«Իհարկե, մենք մեր խողովակներով մեր դիրքորոշումը տարածում ենք, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով, ասում ենք, որ սա անընդունելի է: Ադրբեջանն արդեն անցնում է այլ հարթություններ, չի բացառվում, որ սկսի ահաբեկել, մարդկանց գերեվարել, պատանդ վերցնել երգիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ՝ շանտաժի ենթարկելու նպատակով: Ամեն ինչ սպասելի է նման երկրից, մենք պետք է կրկնակի, եռակի, քառակի պատասխանատվությամբ մոտենանք այդ հարցերին»,- հստակեցրեց Դավիթ Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս