Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով  փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

Որոշումը հրապարակելուց հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ միջնորդելու են, որպեսզի դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտարարի։

Նա նաև դատավորից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքն այն դատավորների շարքին է դասվում, որոնց երկրի վարչապետը բնորոշեց՝ որպես «դռների տակ վնգստացող դատավորներ»։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ, եթե փաստաբանը շարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ, ապա ստիպված կլինի սանկցիաներ կիրառել։

Հ. Ալումյանը հիշեցրեց, որ բնորոշումն իրենը չէ, ապա պարզաբանեց, թե ինչու են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու։

«Մինչև այսօր Ձեր կողմից ցուցաբերած կամայական վերաբերմունքն ամբողջությամբ մեզ հիմք է տալիս ասելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում ենք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում պարոն Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս