Բաժիններ՝

«Հարգելի պարոն Թորոսյան, առաջարկում եմ իմ գրառմանն այլ ենթատեքստ չտալ». «Իմքայլականները» բանավիճում են Ֆեյսբուքում

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ, եթե որևէ պոլիկլինիկայում իրենց վախեցնեն, պարտադրեն պատվաստվել կամ պատվաստել իրենց երեխաներին, ապա անմիջապես կապ հաստատեն իր հետ։

168.am-ի հետ զրույցում իշխող քաղաքական ուժի պատգամավորն ասաց, որ նման նախադեպերի մասին իրեն անձնական նամակներ են գրել Ֆեյսբուք սոցիալական կայքում:

«Նախադեպերը հետևյալն են՝ ինձ Ֆեյսբուքով մի քանի հոգի գրել էին, որ այս կամ այն տարածքներում՝ Երևան քաղաքում, Տավուշի մարզում և մի շարք այլ վայրերում, պարտադրում են «Գարդասիլ» պատվաստվել, բժիշկներից էլ պահանջում են, որ հորդորեն ծնողներին՝ երեխաներին բերել»:

Քաղաքացիների նամակները հիմք ընդունելով՝ Սոֆյա Հովսեփյանը նամակով դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարությունից հերքել են, որ նման բան կարող էր լինել:

«Նախարարությունից հերքել են, որ նման բան է եղել, ասել են, որ դա կամավոր հիմքով է, և ես հրապարակել եմ արդեն, որ Նախարարությունն ասում է, որ դա կամավոր է, և եթե ձեզ պարտադրում են, ապա կապվեք ինձ հետ: Եթե մարդը կամավոր է պատվաստվում, ապա դա իր որոշումն է, եթե մարդուն ստիպում են, ապա դա արդեն մարդու իրավունքների խախտում է: Եթե իմ հորդորին արձագանքողներ լինեն, ապա պետք է ներգրավել ՄԻՊ-ին և արդեն հաջորդող քայլեր անել»:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ նախադեպերի դեպքում իրեն դիմելու հորդորն Արսեն Թորոսյանին այնքան էլ դուր չի եկել: Գրառմանը նա արձագանքել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «պատվաստումները կյանքեր են փրկում»:

«ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին տեղեկացնում եմ, որ պատվաստումները, արդեն 200 տարի է՝ կյանքեր են փրկում, և ոչ թե՝ հակառակը, ինչպես կարող է թվալ վերջինիս գրառումից։ Եվ ամենևին կարիք չկա որևէ մեկի հետ կապվել այդ կյանք փրկող միջամտության կապակցությամբ և սենսացիա դարձնել իմ արդեն սովորական պատասխանն այս հարցի շուրջ։

Տիկին Հովսեփյանին կոչ եմ անում տուրք տալ ապացուցողական բժշկությանը և գիտությանը և անհիմն տագնապներ չսերմանել հասարակության մեջ»։

Առողջապահության նախարարի գրառմանն ի պատասխան՝ Սոֆյա Հովսեփյանը հորդորել է իր գրառումներին ենթատեքստ չտալ:

«Հարգելի պարոն Թորոսյան, առաջարկում եմ իմ գրառմանն այլ ենթատեքստ չտալ, ինձ պարբերաբար տեղեկացրել են, որ ստիպելով՝ պատվաստման են տանում, և ես Ձեզ հարցում եմ արել, Ձեր պատասխանը հրապարակել եմ։ Կարծում եմ՝ ձեր հորդորը հիմք չունի, քանի որ ես չեմ հորդորում չպատվաստվել, այլ հորդորում եմ՝ ստիպողաբար չանեն այն և իմանան, որ դա կամավոր գործընթաց է!!! Ի դեպ, դրա իրավունքը լիովին ունեմ»։

ՄՊՎ-ի դեմ պարտադիր պատվաստումների վերաբերյալ տարբեր տեղեկություններ էին տրվել ինձ, որի վերաբերյալ գրությամբ դիմել էի ՀՀ առողջապահության նախարար՝ պարոն Ա. Թորոսյանին: Գրությանս պատասխանը ստորև:

Gepostet von Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan am Dienstag, 10. September 2019

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս