Բաժիններ՝

«Չեմ տեսնում ինձ մարզչի պաշտոնում, ես սիրում եմ բիզնեսը». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի նախատեսում ապագայում մարզիչ դառնալ:

– Մտածո՞ւմ եք մարզիչ դառնալու մասին:

– Ես ինձ չեմ տեսնում որպես մարզիչ: Ինձ դուր են գալիս այլ ոլորտներ` ձեռներեցություն, բիզնես:

Երիտասարդ ֆուտբոլիստների հետ, նրանց էգոյի հետ շփվելը շատ դժվար է: Իհարկե, սա հիանալի փորձ է, բայց ես ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում:

Ըստ իսպանական մամուլի՝ Պիկեն վաղուց որոշել էր հեռանալ հավաքականից և լրջորեն զբաղվել բիզնեսով:

Ինչպես հայտնի է, Պիկեն վերջին տարիներին լուրջ ուշադրություն էր դարձնում իր կրթությանը: Այժմ, երբ Պիկեն ունի ավելի շատ ազատ ժամանակ, նա ավելի ակտիվ զբաղվելու է իր բիզնեսներով:

Ֆուտբոլից բացի, Պիկեն հետաքրքրված է թենիսով: Նրա Kosmos թիմը դարձավ Դևիսի գավաթի հիմնական ներդրողը: Ընկերությունը մտադիր է 3 միլիարդ դոլար ներդնել ITF-ում (International Tennis Federation – Թենիսի միջազգային ֆեդերացիա) 25 տարվա ընթացքում՝ տարեկան 120 միլիոն:

Kosmos անվամբ գործում է Պիկեի ընկերությունը, որը նախորդ տարի թողարկեց ֆիլմ՝ «La Decision» անվամբ: Այնտեղ Անտուան Գրիզմանը որոշում էր՝ մնա՞լ «Ատլետիկոյում», թե՞ տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ես առաջարկեցի Գրիզմանին ֆիլմ նկարահանել, ասելով, որ դա կարող է լինել լավ բովանդակություն երկրպագուների համար` անկախ նրա որոշումից: Սա տեսակով նոր բան է: Այն թույլ է տալիս մարդկանց ավելի մոտ լինել խաղացողին»,- նշել էր Պիկեն:

Պիկեի ընկերությունն ակտիվորեն կապված է նաև մեդիայի հետ: Այժմ The Player’s Tribune հարթակում Պիկեն ստեղծել է Pique+ հարցազրույցների շարքը, որտեղ հրավիրվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Պիկեի հյուրերի ցանկում արդեն կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեյմարը, Բուֆոնը, Սուարեսը և Խամեսը:

Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ շատ ակտիվ քննարկվում էր Կատալոնիայի անկախության հարցը, Պիկեն հայտարարեց, որ ինքն ու Ռամոսը նոր բիզնես-նախագիծ ունեն: Դա մեդիա նախագիծ է՝ Power To The Players անվամբ, որտեղ հրավիրված են լինելու միայն եվրոպացի մարզիկներ:

2011-ին Պիկեն հիմնել է Kerad Games ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեո խաղերի զարգացման վրա: Այստեղ ներդրումները 500 հազար եվրոյից են սկսվում: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ընկերությունը ստիպված էր փակվել՝ 2 մլն եվրո վնասի պատճառով:

Բացի այդ, Պիկեն աշխատում է այլ ծրագրերի վրա.

  • Kypers: Սա ակնոցների արտադրություն է: Պիկեն ընկերության հիմնական բաժնետերն է, նրան է պատկանում բաժնետոմսերի 62 տոկոսը: Ընկերությունը գրասենյակներ ունի Մայամիում, Սան-Պաուլոյում և Մոնտեվիդեոյում:
  • Natrus ընկերությունն արտադրում է կոտլետներ բուրգերների և այլ ճաշատեսակների համար: Այստեղ Պիկեին է պատկանում բաժնետոմսերի 33 տոկոսը:
  • 426 Miles: Սա խմիչքների արտադրություն է: Ջերարդինն է ընկերության 40%-ը, իսկ 10% ը նրա առաջարկով ձեռք է բերել «Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը:

Իսպանական մամուլը նշում է, որ Պիկեին և իր կնոջը՝ հայտնի երգչուհի Շակիրային են պատկանում ևս մի քանի ընկերության խոշոր բաժնեմասեր: Սակայն իսպանացի ֆուտբոլիստը չի շտապում հայտարարել դրանց մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս