Բաժիններ՝

«Վարչապետին խաբել են». Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը մանրամասնում է

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի՝  Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին:

Արձանագրվել է, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը:

Պարզվում է՝ մինչ օրս փոխհատուցում չի կատարվել, ավելին, նախկին տնօրենի փոխանցմամբ՝ անգամ ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքի չի գնում:

«Ամբողջ թատրոնի անձնակազմն ու ես պատրաստվում ենք  իրեն դատի տալ՝ աշխատավարձերը 8 ամիս չվճարելու մասով: Ի վերջո, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ժամկետը երկարաձգվել է անհայտ պատճառով: Մինչև հիմա թե՛ վարչապետին, թե՛ թատրոնին պատասխանում էին՝ դատը վերջանա, համաձայն դրա՝ որոշում կկայացնենք:  Հիմա դատն ավարտվել է, դատարանը որոշել է տուգանել Մշակույթի նախարարությանը՝ 800.000 դրամով:

Կարդացեք նաև

Չեն բողոքարկել, որովհետև համարել են, որ ճիշտ որոշում է կայացվել, սակայն չբողոքարկելուց հետո չի վճարվել այդ ամբողջը, ինձ վերջնահաշվարկ չի տրվել, թատրոնին աշխատավարձ չի վճարվել, կաթվածահար է եղել թատրոնի աշխատանքը, դեռ մի բան էլ Լ.Փալանջյանի՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, ժամկետն են երկարաձգել: Հունիսին լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, բայց անորոշ ժամկետով երկարաձգել են՝ մինչև թատրոնի կարգավիճակի պարզ լինելը: Իսկ թատրոնի կարգավիճակի մասին դեռ ոչ կառավարության որոշումը կա, ոչ էլ խոսակցություն»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:

Գայանե Կարապետյանի փոխանցմամբ՝ միաժամանակ մոտ 10 միլիոնի չափով  տույժ-տուգանք է կուտակվել, ու սա՝ ժամանակավոր պաշտոնակատարի՝ աշխատանքի չգնալու պատճառով:

«Լիլիթ Փալանջյանն ասում է, որ տուգանքը կուտակվել է, քանի որ ես ընդունում-հանձնում չեմ արել: Փետրվար ամսից ես կնիքը հանձնել եմ ոստիկանություն, քանի որ մինչև դատարանի վճիռը չէի ստացել իմ ազատման հրամանը: Այդ ժամանակ կարող էին ընդունում-հանձնում կատարել: Այս մասին տեղյակ է եղել Մշակույթի նախարարությունը, բայց ապրիլին վարչապետին պատասխան են ուղարկում, որ  տնօրենը կնիքը չի հանձնել, իսկ այն փետրվարի 22-ին հանձնված է եղել: Խաբել են նաև վարչապետին՝ նրան ու աշխատակազմին սուտ տեղեկատվություն տալով: Վերադառնանք ստեղծված իրավիճակին.Լիլիթ Փալանջյան, եթե  ընդունում-հանձնում չէիր արել, ի՞նչ իրավունքով ես հարկային դաշտում քեզ լիազոր անձ գրանցել, գործող հաշվապահի դեմ փակել հարկային դաշտը: Հիմա, նրա չարած գործողությունների համար իմ հաշիվների վրա կալանք է դրված, սա ո՞նց հասկանանք»,- նշեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Նրա խոսքով՝ և՛ կառավարության որոշմամբ, և՛ ՊՈԱԿ-ի տնօրենի մասին օրենքով, և՛ թատրոնների մասին կանոնադրությամբ ու պայմանագրով, մարդը, ով զբաղեցնում է տնօրենի պաշտոն, չի կարող այլ պաշտոն զբաղեցնել, այս կամ այն աշխատանքը վարել՝ բացի  մանկավարժական կամ ստեղծագործական  աշխատանքից, ոչ ավելի, քան 8 ժամ:

«Լիլիթ Փալանջյանը մինչ այս պահը հրամանագրված է՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ Խորեոգրաֆիայի թատրոնում, մինչդեռ վաղուց ամբողջ հաստիքով աշխատում էր  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ որպես բալետի պարուհի, 12 ժամ՝ Պարարվեստի պետական քոլեջում՝ որպես մանկավարժ: Աշխատում է նաև Կինոյի և թատրոնի ինստիտուտում: Այսինքն, խախտումներով է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար»,- հավելեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Փորձեցինք կապ հաստատել նաև Լիլիթ Փալանջյանի հետ, սակայն չստացվեց, հետևաբար՝ նրա պատասխանը կներկայացնենք  ավելի ուշ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս