Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել ԱԻՆ աշխատողների սոցիալական երաշխիքների խնդրին. Փաշինյան
Կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում: ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհավորում եմ ձեզ աշխատանքային այս կարևոր տոնի կապակցությամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս տարի այս օրը մենք նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ մենք բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների, փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որոնք նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել Հանրապետության ողջ տարածքով: Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, մեր հրշեջները իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար և ուզում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված: Այո, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին: «Եվ այս առումով մենք պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Եվ ինչքան էլ մենք արձանագրենք, որ կլիմայական փոփոխությունները մեծացնում են արտակարգ իրավիճակների ռիսկերը, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են մարտահրավեր բացառապես մարդկային գործոնի բերումով: Եվ այս առումով, կարծում եմ, ԱԻՆ փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ամբողջությամբ գիտակցել, թե իր՝ առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքը ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ և ժամանակ պիտի ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետև կանխարգելման աշխատանքներ իրականացնելը միշտ էլ ավելի արդյունավետ է, պակաս ծախսատար և ավելի կարևոր»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է ընդգծել, որ ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաև առօրյա կյանքում, որովհետև, ցավոք, մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են տեղի ունենում, որտեղ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը: «Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այս ողջ տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահության մակարդակը հանրության շրջանում գնալով անընդհատ ու անընդհատ մեծացել է: Եվ սա կարծում եմ ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է: Եվ պետք է արձանագրել, որ քաղաքացիների, հանրության վստահությունը այն ամենակարևոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է և կորցնելը չափազանց հեշտ: Այս առումով ես համոզված եմ, որ դուք կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: