Ջհանգիրյանի նախանշած պլանը չաշխատեց
Եվ այսպես, այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը, և կողմերից ում կգոհացնի, փաստն այն է, որ գործը քննվում է` ի հեճուկս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կանխատեսումների:
«Նախ՝ դատավորն իրավունք չուներ այդ գործն ուղարկել ՍԴ, որովհետև գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է։ Դատավորը պետք է սպասեր, որոշումը վերաքննիչում վիճարկվեր, եթե մնար ուժի մեջ, նոր պետք է ուղարկեր ՍԴ։ Հիմա Սահմանադրական դատարանը ժամանակ է տալիս այդ դատավորի կատարած սխալն ուղղելու։ Ինքը ձգում է իր մոտ գործի վարույթի սկիզբը, որպեսզի վերաքննիչը կարողանա որոշում կայացնել։ Բայց ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴ-ում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս, ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴ-ն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյակ կլինեք, կիմանաք»,- դեռևս հունիս ամսին ասել էր նա:
Հիշեցնենք, որ ս/թ մայիսի 20-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Այսօր քննվում են 2-րդ նախագահի պաշտպանների ներկայացրած միանգամից երկու դիմումների հիման վրա վարույթները: Նրանք ՍԴ են դիմել, որ դատական բարձրագույն մարմինը ստուգի Քրեական դատավարության օրենսգրքի միանգամից երկու` խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:
Ճիշտ է, Ջհանգիրյանի հայտնի հարցազրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ու պահանջել քրեական գործ հարուցել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ բան այնուամենայնիվ խախտեց իշխանությունների գծած պլանի հաջորդականությունը:
«Սա ի՞նչ է նշանակում… Նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն։ Ու նաև ասաց՝ ես չակերտները չեմ բացի։ Հետո ասաց, որ ՍԴ-ն համենայն դեպս այս կազմով գործը չի քննելու, հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու… Սրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ էին, և այստեղ կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին, ինչը չպետք է այդպես լիներ»,- նշել էր Հայկ Ալումյանը։
Ըստ էության, երբ հետահայաց դիտարկումներ ենք անում, անցած ամիսների ժամանակագրությունը հուշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը թերևս նկատի ուներ «Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահ» օպերացիայի հաջող ու անցնցում իրականացումը, որի արդյունքում իսկապես ՍԴ ներկայիս կազմը չէր լինի, ու եթե անգամ այս գործը նոր կազմով քննվեր էլ, ակնհայտ կլիներ ելքը:
Սակայն իշխանությունների նպատակներին վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ, չնայած տարատեսակ ճնշումներին, ոչ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, և ոչ էլ ՍԴ մյուս դատավորները հրաժարականներ չներկայացրեցին:
Հրաժարական չներկայացրեցին նաև այն ժամանակ, երբ իշխանությունները, թերևս, սպառելով շանտաժի, ՍԴ-ն անօգուտ «պաշարելու», քրեական գործեր հարուցելու սպառնալիքների ու իրենց հայտնի այլ միջոցներ, դիմեցին ՍԴ նախագահին ու դատավորներին պետականորեն, օրենսդրորեն «կաշառելու» հայտնի մեթոդին` նրանց առաջարկելով մինչև հոկտեմբեր հրաժարական ներկայացնելու պարագայում պահպանել վերջիններիս աշխատավարձն ու սոցիալական բոլոր երաշխիքներն իրենց «պաշտոնավարման» բոլոր տարիների համար:
Բարեբախտաբար, ՍԴ-ականներն այնքան իրավագիտակցություն ունեցան, որ հրաժարվեցին այս տարբերակից ևս:
Ու հիմա գործի քննությունն այս կազմով մեկնարկեց: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ կասի Գագիկ Ջհանգիրյանը: Միգուցե, այնուամենայնիվ, անկեղծանա, թե ինչ էին պլանավորել և ինչու չստացվեց:
Գոհար Սավզյան