«Մի’ վիրավորեք մեր ռազմավարական դաշնակցին»
168.am-ին տված հարցազրույցում ասում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
– Ձեր կարծիքով` Հայաստանը պե՞տք է անդամակցի Ռուսաստանի կողմից առաջարկվող Եվրասիական միության նախագծին:
– Հայաստանը պետք է մասնակցի իրեն առաջարկվող համագործակցության բոլոր ծրագրերին և, առաջին հերթին, համագործակցության այն ծրագրերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի ավելի սերտ, ավելի խորքային համագործակցությանը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Այդպիսի արտաքին քաղաքականության որդեգրման շնորհիվ միայն մեր երկիրը կարող է խուսափել լիակատար մեկուսացումից և ապահովել սեփական ազգային անվտանգությունը:
Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Դեռ 90-ական թվականներից, այն ժամանակվանից, երբ այսօր գործող փոխարտգործնախարար, իսկ այն ժամանակ՝ ՀՀՇ-ական Շավարշ Քոչարյանը շտապեց Գերագույն խորհրդի ամբիոնից հայտարարել, որ Ռուսաստանը պետք է մեկընդմիշտ հեռանա Կովկասից, ես գրում էի (ինչպես ռուսներն են ասում՝ գրչով գրվածը կացնով էլ չես ոչնչացնի), որ Ռուսաստանը, ինչպես պատմականորեն եղել է, այնպես էլ տեսանելի ապագայում կմնա խոշորագույն կովկասյան տերություն: Այն ժամանակ էլ, այսօր էլ` 22 տարի անց, ես համոզված եմ, որ Ռուսաստանը գործնականորեն երաշխավորում է մեր պետական անկախությունն ու ազգային անվտանգությունը: Եթե այդպես չլիներ, մենք այսօր չէինք ունենա ազատագրված Արցախ, և ցամաքային կապով, իր մարմնի ամբողջականությամբ Արցախի հետ կապված՝ անկախ Հայաստանի Հանրապետություն:
Եթե 90-ական թվականներին իմ տեսական մշակումները, քաղաքագիտական վերլուծությունները թեկուզ ուշացումով չդրվեին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ի վերջո որդեգրված հայանպաստ, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի իրավական հիմքերի ձևավորմանը նպատակամղված արտաքին քաղաքական ուղեգծի հիմքում, մենք չէինք կարողանա պահպանել մեր մաքառումների, «ցուրտ ու մութ տարիներին» կրած մեր զրկանքների անգնահատելի արդյունքը` ազատագրված Արցախը:
Այո, մենք ճնշեցինք ՀՀՇ-ական վարչախմբին, Հայաստանի քաղաքագետների միությունը մեր ժողովրդի հանդեպ կատարեց իր մասնագիտական պարտքը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանն իր մեջ ուժ գտավ անհրաժեշտ սրբագրումներ մտցնել իր արտաքին քաղաքականության մեջ: Դրա ապացույցն էր, որ 1994թ. սեպտեմբերին ինձ` «զարհուրելի» ընդդիմադիրիս, Տեր-Պետրոսյանն այն ժամանակ կառավարության հատուկ ծրագրերի վարչության պետի` իմ լավ բարեկամ Լեոնարդ Պետրոսյանի միջոցով առաջարկեց վարչության պետի առաջին տեղակալի կարգավիճակով ստեղծել և ղեկավարել ռազմավարական հետազոտությունների պետական կենտրոնը:
Թեև առաջարկությունը հրապուրիչ էր, քանզի ինձ համար ստեղծվելու էին աշխատանքային լավագույն պայմաններ, ես պետք է նախապատրաստեի վերլուծական տեղեկանքներ և առաջարկություններ՝ անձամբ ՀՀ և Արցախի նախագահների համար, համարելով, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը բոլոր պարագաներում պետք է խուսափի աստիճանավորի կարգավիճակից և լինի անկախ՝ ես մերժեցի այդ առաջարկությունը: Ահա այդպիսի թանկ գնով եմ պահել-պահպանել Հայաստանի քաղաքագետների միության անկախ կարգավիճակը: Եվ դրա համար չեմ ափսոսում, քանզի այսօր էլ իրավունք ունեմ և պետք է ճնշեմ Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին, որպեսզի սխալներից զերծ մնան, ճիշտ որոշումներ կայացնեն, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման բախտորոշ խնդիրը չթողնեն կրիմինալ օլիգարխիայի շահարկումների հույսին: Մի’ վիրավորեք մեր ռազմավարական դաշնակցին: Մի’ հանձնեք Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկվող ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ճակատագիրը դատարկ դհոլների և օլիգարխների քմահաճույքին` փորձելով այդ կերպ մեր ժողովրդի աչքում նսեմացնել և վարկաբեկել այդ ծրագրերը: Ռուսաստանը դրան չէ արժանի, Պուտինն էլ այնքան խելոք է, որ լավ էլ հասկացել է այդ «կենցաղային խորամանկությունների» իմաստը…
Քաղաքական «պրոտոկոլի» ճչացող խախտում է այն, որ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն, ինտեգրվելով Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, ԵԺԿ-ի կողմից մերժված և հայաստանյան քաղաքական թատերաբեմում այսօր անորոշ («այլընտրանքային») կարգավիճակում հայտնված ԲՀԿ-ին «գործուղում է» համագործակցելու նախագահ Պուտինի քաղաքական հենարանը հանդիսացող կուսակցության հետ: Ավելի ցավագին ապտակ ռազմավարական դաշնակցին դժվար է պատկերացնել: Ստացվում է, որ Ռուսաստանին մերոնք արժանի են համարում համագործակցել Եվրոպայի կողմից մերժվածների հետ: Ռուսաստանի կողմից դա չի կարող չդիտվել՝ որպես ձայնակցություն այն ուժերին, որոնք հակված են տարբերակված մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի և մյուս հետխորհրդային երկրների նկատմամբ, խոչընդոտել նրանց համատեղ և կոնսոլիդացված քայլերը եվրոինտեգրման ճանապարհին: Արդյոք այդ նույն ուժերը չե՞ն, որ հակադրում են Եվրասիական ինտեգրման հեռանկարը Եվրաինտեգրման հեռանկարին, դիտելով այդ երկու ինտեգրացիոն ծրագրերը՝ որպես անհամատեղելի: Արդյոք այդ նույն ուժերի խրախուսմամբ չէ՞ Եվրոպայի իշխող կուսակցության կողմից մերժված ԲՀԿ-ն այսօր պարզել Եվրասիական միության մեջ Հայաստանի ինտեգրման դրոշը: Չէ՞ որ քաղաքականության մեջ հազվադեպ չէ անցանկալի ծրագրերի վիժեցման նպատակով՝ դրանց ցուցադրական և ձևական պաշտպանությունը:
Այս «շախմատային» խաղերին տրվելուց առաջ պետք է հիշել, որ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում, երբ Թուրքիան պատրաստ էր Ադրբեջանի օգտին միջամտել ռազմական գործողություններին, միջուկային տերություններից միայն Ռուսաստանը հակադրվեց այդ հայադավ մտադրությանը և ստիպեց Անկարային դրանից հրաժարվել: Միայն Ռուսաստանը, և ուրիշ ոչ մի երկիր…
– Դուք իրավացի եք, որ մամուլի որոշ հրապարակումներում, ինչպես նաև՝ արևմտամետ կառույցների կողմից Եվրասիական միությունը հակադրվում է Եվրոպական միության ինտեգրմանը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին: Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի՞ դեպի այս երկու ուղղություններից մեկը, թե՞ փորձի հավասարակշռման ինչ-որ եզրեր գտնել այս երկու բևեռների միջև:
– Երբ անցած տարվա աշնանը Վլադիմիր Պուտինը «Իզվեստիա» թերթում հրապարակեց իր հայտնի հոդվածը Եվրասիական միության ստեղծման նախագծի մասին, առաջին արձագանքներից մեկն իմն էր: «Ռեգնում» լրատվական կայքի գլխավոր նյութերի էջում տեղադրվեց իմ ծավալուն հոդվածը` «Պուտինի ռազմավարությունը, Ազնավուրի հայտնագործությունը և Հայաստանի ապագան» խորագրով: Այդ հոդվածում ես հրավիրել եմ ընթերցողների ուշադրությունն այն փաստի վրա, որ Վ.Պուտինը Եվրասիական միության ինտեգրացիոն նախագիծը ոչ միայն չի հակադրում հետխորհրդային պետությունների եվրաինտեգրման հեռանկարին, այլ եվրասիական ինտեգրման շրջանակներում է դիտարկում եվրաինտեգրման ճանապարհին ձեռնարկվելիք համատեղ քայլերի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:
Տրամաբանությունը պարզ է. միասին շատ ավելի հեշտ է հաղթահարել այդ ճանապարհը: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք հակադրում են Եվրասիական և Եվրոպական ինտեգրացիոն ծրագրերը, ապա դրանք Ռուսաստանին մյուս հետխորհրդային պետություններից մեկուսացնելու նպատակ են հետապնդում, ձգտում են մեզ տարանջատել և հակադրել Ռուսաստանին: Վրաստանի դեպքում դա նրանց արդեն հաջողվել է անել:
Բնութագրական է, որ «Ռեգնումում» հրապարակված իմ հոդվածին, որտեղ ես ընդգծել եմ եվրասիական ինտեգրման և եվրաինտեգրման նպատակների առարկայական ներդաշնակությունը, նույն «Ռեգնումում» արձագանքեց ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ փորձելով հակադրվել իմ այդ տեսակետին: Զարմանալի է, որ Վ.Պուտինի Եվրասիական նախագծի հայաստանյան քննադատների և Ալիզադեի մոտեցումները համընկնում են` հանգելով մի շատ պարզ մտայնության. որքան վատ Ռուսաստանի համար՝ այնքան լավ մյուսների համար: Համաձայն կլինեի, եթե խոսքը վերաբերեր միայն Ադրբեջանին, որովհետև այդ երկրի ազգային շահերն իսկապես հակադիր են Ռուսաստանի ազգային շահերին: Բայց մի՞թե մեզանում կարելի է հանդուրժել մարդկանց, ովքեր մտահոգ են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությամբ:
– Ի՞նչ մեկնաբանություն կարող եք տալ օգոստոսի 8-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունների, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում մինչև 2020թ. զարգացման ծրագիր մշակելու և «ճանապարհային քարտեզ» պատրաստելու մասին:
– Ցավալի է, որ հանդիպումից առաջ մեր մամուլում որոշ ուժեր բարձրացրին հիստերիկ աղմուկ: Նրանց պատվիրված էր հանդիպման շուրջ ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ կոնկրետ արդյունքներ չլինեն, և ամեն ինչ ավարտվի առանց անհրաժեշտ հստակեցումների: Այդպես էլ եղավ: Սերժ Սարգսյանին հաջողվեց իր ռուսաստանցի գործընկերոջը համոզել, որ հայաստանյան հասարակությունը, պատրաստ լինելով ընկալել հայ-ռուսական երկուստեք հարաբերությունների զարգացման և խորացման նպատակահարմարությունը, դեռ պատրաստ չէ միանալ Եվրասիական միության ստեղծման նախագծին: Ուստի որոշվեց այդ թեմային այս անգամ հրապարակայնորեն չանդրադառնալ:
Ես գտնում եմ, որ Հայաստանի ժողովրդի համար դա ժամանակի ավելորդ կորուստ է: Չէ՞ որ, եթե այս ընթացքում, օրինակ, գազի գինը բարձրացվի, ապա, նույնիսկ, եթե դրանից հետո Հայաստանը որոշի մասնակցել Եվրասիական նախագծին, Ռուսաստանը գազի գինն այլևս չի իջեցնի: Մինչդեռ Հայաստանը վաղ թե ուշ միանալու է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Ուղղակի, եթե միանա ավելի շուտ, ավելի մեծ հնարավորություններ կստանա՝ ձևավորվելիք այդ նոր աշխարհաքաղաքական ձևաչափի պարամետրերի վրա ներազդելու, դրանք սեփական ազգային շահերին հարմարեցնելու առումով: Եթե ուշանա, ապա ստիպված է լինելու ուտել «մյուսների եփած ճաշը», իսկ դա այնքան էլ նպաստավոր չէ: Այնպես որ, եկել է գնացք նստելու ժամանակը…
Դա հասկանում է Ղազախստանի նման հզոր և ինքնաբավ, իսկապես «վագրային ցատկերով» զարգացող երկրի ղեկավարը` Նուրսուլթան Նազարբաևը: Մի երկիր, որը սահմանակցում է Չինաստանին, ունի էներգակիրների մեծ պաշարներ և Ռուսաստանից կտրվելու բոլոր անհրաժեշտ նախադրյալները, պատրաստակամ է Եվրասիական միության շրջանակներում ժամ առաջ ինտեգրվել Ռուսաստանի հետ: Տեսե́ք, օլիմպիական խաղերին Լոնդոնում ինչ հաջողությունների հասավ այդ երկիրը: Մինչդեռ, ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի և մյուս բոլոր երկրների օլիմպիական խաղերում ցույց տրված արդյունքներն ուղիղ համեմատական են նրանց ընդհանուր զարգացման ցուցանիշների հետ: Մենք մեր ինչի՞ վրա ենք զարմացել: Արտասահմանում մեր մի քանի օլիգարխների և չինովնիկների կառուցած վիլլաների վրա՞:
– Ընդդիմության կողմից հնչել է կարծիք, թե նույնիսկ անհրաժեշտություն կարող է լինել՝ Եվրասիական միության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու: Դուք սրա հետ համաձա՞յն եք:
– Դա պրովոկացիոն մոտեցում է, որի քողի տակ թաքնված են Եվրասիական միության ստեղծման գաղափարը Խորհրդային Միության վերականգնման հետ նույնացնելու ճղճիմ փորձերը: Մինչդեռ Եվրասիական միությանն անդամակցող բոլոր երկրները պահպանելու են իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը: Այո՛, կարող են ստեղծվել վերազգային ինստիտուտներ, օրինակ, Եվրասիական խորհրդարան, կամ ապագայում կարող է օրակարգային դառնալ միասնական տարադրամի անցնելու հարցը, սակայն ո՞վ ասաց, որ Եվրամիության երկրները Եվրախորհրդարանի առկայությամբ կամ եվրոյին անցնելով` զրկվեցին իրենց պետական անկախությունից և ինքնիշխանությունից:
Չի՛ կարելի երկակի չափանիշներով մոտենալ հարցերին: Ինչո՞ւ ոչ ոքի մտքով չի անցնում Եվրամիությունը համեմատել Խորհրդային Միության հետ, բայց, արի ու տես, որ շուրջբոլորը փորձում են Եվրասիական միության ստեղծման պուտինյան նախագիծը ներկայացնել՝ որպես Խորհրդային Միության վերականգնման փորձ: Հաշվարկը պարզ է. մամուլի և հեռուստատեսության միջոցով տարածելով նման աղավաղված պատկերացումներ, «գրանտակերների» միջոցով կազմակերպելով «ուղեղների» լվացում` հասնել նրան, որ հարցը հանրաքվեով մերժվի: Իրականում հանրաքվեի անհրաժեշտություն չկա, քանզի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում մեր Սահմանադրության մեջ ամրագրված ՀՀ պետական անկախության և ինքնիշխանության կարգավիճակը դույզն-իսկ չի փոխվի: