Բաժիններ՝

Սամվել Խաչատրյան. Միանգամյա անհաջողության համար հրաժարական չեն պահանջում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը SportArmenia-ի հետ զրույցում ասաց, որ դժգոհ է Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր ծանրամարտիկների ցուցադրած արդյունքներից: Այդուհանդերձ, փոխնախարարի կարծիքով` այս անհաջողությունը միանգամյա է և չի կարող իր հրաժարականի պատճառ դառնալ:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր ծանրորդների ելույթները:

-Ընդհանուր մարզիկների ելույթները դրական եմ գնահատում: Պեկինում մենք արծաթ չունեինք, իսկ Լոնդոնում կարողացանք նվաճել և մեդալների թիմային հաշվարկում 18 տեղով բարելավեցինք մեր դիրքը:

Ինչ վերաբերում է ծանրամարտակիներին, ապա միանշանակ դժգոհ եմ արդյունքներից: Բացի Հռիփսիմեի բրոնզից, մենք առնվազն 2 արծաթ էլ պետք է նվաճեինք: Անհաջողության պատճառներն ակնհայտ էին: Տիգրան Մարտիրոսյանը վերջին պահին վնասվածք ստացավ, Առաքել Միրզոյանը հոգեբանական խնդիրներ ուներ, իսկ Մելինե Դալուզյանը ձախողեց մրցումները: Մելինեն իր ելույթից 2 օր առաջ օլիմպիական չեմպիոնից 10 կգ ավել էր բարձրացնում, բայց եղավ այն, ինչ եղավ:

-Անդրադառնալով Տիգրան Մարտիրոսյանի բացակայությանը` ինչո՞ւ նրան այլ մարզիկով չփոխարինեցիք: Չէ որ մենք այլ բարձրակարգ ծանրամարտիկներ էլ ունենք և ՄՕԿ-ը չի արգելում վնասվածք ստացած մարզիկին փոխարինել:

-Տիգրան Մարտիրոսյանը վերջին պահին վնասվածք ստացավ: Նրա տոմսն արդեն գնել էինք և հուլիսի 29-ին նա պետք է լիներ Լոնդոնում և 2 օրից մասնակցեր Խաղերին, բայց ամսի 28-ին նա վնասվածք ստացավ և մեջքի ցավից չէր կարողանում տեղից վեր կենալ: Մենք 2 օր առաջ էինք հայտացուցակը ներկայացրել և արդեն չէինք կարող փոխարինել:

Նույն Ռուսաստանը, որ 1 հոգու փոխարինեց, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում երկու ներկայացուցիչ պետք է ունենար, բայց նրանք 2-ն էլ վնասվածք ստացան և չփոխարինվեցին, քանի որ արդեն վերջնական հայտացուցակը ներկայացված էր:

-Եթե ավելի շուտ իմանայիք Տիգրանի վնասվածքի մասին, նրան փոխարինող ունեինք:

-Այո, իհարկե ունեինք: Վանիկ Ավետիսյանն ամբողջ ընթացքում մարզվել է թիմի հետ:

-Նշեցիք, որ Առաքելը հոգեբանական խնդիր ուներ: Մինչև Օլիմպիական խաղերին մեկնելը թե՛ Դուք, թե՛ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում էիք, որ մեր մարզիկների հետ հոգեբաններ են աշխատել և նրանք կլինեն նաև Լոնդոնում:

-Այո, նրանք աշխատել են և անընդհատ մեր կողքին են եղել: Մարզիկների համար բոլոր պայմաններն ապահովել ենք:

-Դժգո՞հ եք հոգեբանների աշխատանքից:

-Ո՛չ, նրանք իրենց գործն արել են:

-Այդ դեպքում ինչո՞ւ մեր փորձառու մարզիկները հոգեբանական խնդիրներ ունեցան:

-Ամեն ինչ չէ, որ հոգեբաններից է կախված: Նույն հոգեբանները աշխատել էին նաև Հռիփսիմե Խուրշադյանի հետ, ով իր առավելագույն արդյունքը ցույց տվեց: Առաքելն ու Մելինեն չկարողացան ճիշտ տրամադրվել և իրենք են մեղավոր իրենց անհաջողության համար:

-Պարոն Խաչատրյան, Լոնդոնից վերադառնալուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ հրաժարականներ կլինեն: Դա Ձեզ վերաբերվո՞ւմ է:

-Շուտով ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստ է հրավիրվելու: Եթե այնտեղ պահանջեն իմ հրաժարականը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան հաստատի, ապա ես անխոս կհեռանամ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Բայց կարծում եմ, որ դա արդարացի չի լինի: Մինչև իմ գալը հայկական ծանրամարտը թշվառ վիճակում է եղել: 6 տարի է գլխավորում եմ ֆեդերացիան և արդեն 350-ի մոտ մեդալ ենք նվաճել: Այս անհաջողությունը միանգամյա է և չի կարելի դրա վրա հիմնվելով հրաժարական պահանջել:

-Ձեր պաշտոնին մնալու դեպքում ֆեդերացիայի ներսում փոփոխություններ կլինե՞ն:

-Այո, անպայման: Առաջին հերթին դա մարզիչներին է վերաբերվում:

-Եվ վերջում, մինչև հիմա ծանրամարտի ֆեդերացիան ո՛չ գրասենյակ ունի, ո՛չ պաշտոնական կայք, և ոչ էլ էլեկտրոնային փոստի հասցե: Ե՞րբ եք պատրաստվում լուծել այս անհրաժեշտ խնդիրները:

-Այս ընթացքում ես աշխատել եմ նախարարությունում և գրասենյակի կարիք չի եղել. բոլոր հանդիպումներս կազմակերպել եմ իմ գրասենյակում: Կայքի և էլեկտրոնային հասցեի հարցերով շուտով կզբաղվենք: Վաղուց ենք մտածել, բայց ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվել է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս