Ժողովրդից լրացուցիչ «փող կլպելու» տարբերակ է
2011թ. նոյեմբերին ընդունված «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ):
Արդյոք օրենքում նման հոդվածի ամրագրումը չի՞ խոչընդոտում մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքին՝ 168.am-ի հարցին Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ես այդ փոփոխությունը կբնութագրեմ երկու տեսանկյունից: Նախ՝ այն, որ այդպիսի փոփոխությունն ուղղակի աբսուրդ է: Չեմ ուզում խորանալ մարդու իրավունքների տեսակետից, ուղղակի աբսուրդային է այն, որ մարդը բացակայության ընթացքում՝ վերադառնալով, տուգանվելու է: Անկեղծ ասած, չգիտեմ՝ դրա անունն ի՞նչ են դրել` տուգա՞նք, թե՞ մեկ այլ բան: Դրա մեջ որևէ բացատրություն չեմ տեսնում: Դա ուղղակի ծիծաղելի է: Եվ կա այստեղ մեկ այլ խնդիր. կարծում եմ, որ սա կառավարության հերթական «հայտնագործությունն է»: Սա ոնց որ ժողովրդից լրացուցիչ «փող կլպելու» տարբերակ է: Սա ինձ հիշեցնում է 1997թ. նույն կառավարության ընդունած «Օդի հարկի» մասին որոշումը: Այսինքն՝ «օդից փող սարքելու» որոշումը: Ես՝ որպես քաղաքացի, կարծում եմ՝ վիրավորական է: Նրանց համար, կարծում եմ՝ 3000 դրամը չնչին գումար է, ուղղակի սա, իրոք, զզվելի է` ճղճիմ և ծիծաղելի որոշում»:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե օրենքում նման հոդված ամրագրելը դրական է, քանի որ այդկերպ հնարավոր կլինի ընտրությունների ժամանակ հաշվարկել, թե քանի ընտրող կա արտերկրում:
168.am-ի հարցին՝ արդյոք արդարացվա՞ծ է նախկին պատգամավորի այս պարզաբանումը, Ա. Իշխանյանը պատասխանեց. «Սա պարզապես մի միտում ունի` էստեղից էլ փող պոկել: Քանի որ չեն կարողանում նորմալ հարկային և տնտեսական քաղաքականություն վարել, ընկնում են այսպիսի մանր հարցերի ետևից: Ես այսպիսի գնահատական եմ տալիս այս ամենին»: