2019 թվականի հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ

Այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանն աշխարհում կազմել է Ցելսիուսի 16,7 աստիճան, ինչն ամենաբարձր ցուցանիշն է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալները:

Ինչպես նշվում է, անցած հուլիսը գերազանցել է 2016 թվականի ջերմաստիճանային ռեկորդը:

Վարչության տվյալներով՝ ռեկորդային շոգ Է գրանցվել մոլորակի մեծ մասում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի մի քանի տարածաշրջաններում, Հարավային Ասիայում, Աֆրիկայի հարավում եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների մեծ մասում: Ամերիկացի օդերեւութաբանների հաղորդումը հաստատվում է «Կոպեռնիկոս» եվրոպական կենտրոնի գիտնականների տվյալներով, որն զբաղվում է կլիմայի հարցերով: Նրանք նույնպես անցած հուլիս ամիսը համարել են ամենաշոգ ամիսը պատմության մեջ:

Բացի այդ, NOAA-ն նշում է, որ հուլիսին ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում արդեն հինգ տարի անընդմեջ, իսկ ջերմաստիճանային տասն առավելագույն ցուցանիշներից ինն արձանագրվել են 2005 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում:

Ավելի վաղ «Կոպեռնիկոս»-ի գիտնականները հայտնել էին, որ այս տարվա հունիսն ամենաշոգ ամիսն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս