Թուրքերի ոճիրը դատապարտող եզակի մահմեդական կրոնական փաստաթուղթ է հայտնաբերվել
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:
Այս բացառիկ փաստաթուղթը ֆեթվա կամ կրոնական հրամանագիր է, որն արձակվել է 1909 թվականի մայիսին Եգիպտոսի Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի կողմից, և դատապարտում է թուրք մահմեդականներին Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներից մեկում` Ադանայում 30 հազար հայերին կոտորելու համար:
Ալ-Ազհար մզկիթի շեյխ ալ-Բիշրին, Կահիրեում մահմեդական աշխարհի իսլամական հետազոտությունների նշանավոր կենտրոնի առաջնորդն այս ֆեթվան արձակել է ի հակազդեցություն 1909 թվականի ապրիլին թուրք մուֆթիի (կրոնական առաջնորդ) արձակած հրամանագրի, որով նա թուրքերին կոչ է արել սպանել հայերին, քանի որ «նրանք դեմ էին մահմեդականներին և Աստծուն»:
Համացանցում պատահաբար տեսնելով եգիպտական ֆեթվայի հիշատակումը, կապ հաստատեցի հայոց պատմության մասնագետ, պրոֆ. Մոհամմադ Ռիֆաաթ ալ-Իմամի հետ, որին հանդիպել էի վերջերս Կահիրե կատարած իմ այցելության ժամանակ: Դոկտ. ալ-Իմամը սիրով ինձ ուղարկեց այս կարևոր կրոնական փաստաթղթի արաբական տեքստի բնագիրը, որից առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հատվածներ ենք ներկայացնում ստորև.
«Տեղական թերթերում տեսել ենք զարհուրելի լուրեր և նողկալի զեկույցներ Օսմանյան կայսրության մի շարք գավառների մահմեդականների մասին, որոնք հարձակվել են քրիստոնյաների վրա և գազանաբար սպանել նրանց: Մենք չէինք կարող հավատալ այդ զեկույցներին և հույս էինք տածում, որ դրանք կեղծ էին, քանի որ իսլամն արգելում է ագրեսիան, բռնությունները, արյունահեղությունը, և մարդկանց վնասելը անկախ այն բանից, թե նրանք մահմեդական են, քրիստոնյա թե հրեա:
Օհ, մահմեդականներ` տարածաշրջանում և այլուր ապրող, զգուշացեք գործողություններից, որոնք արգելված են Ալլահի կողմից իր շարիաթում [իսլամական օրենք], և խնայեք այն արյունը, որ Ալլահն արգելում է թափել, և մի մեղանչեք որևէ մեկի դեմ, քանի որ Ալլահը չի սիրում ագրեսորներին….
Ձեր պարտքն է նրանց հանդեպ, ովքեր կապվել են ձեզ հետ, ովքեր իրենց անվտանգությունը վստահել են ձեզ և ովքեր բնակվում են ձեզ հետ և ձեր կողքին են Ahlul Dhimma-ից (հրեա և քրիստոնա փոքրամասնություններ, որոնց իսլամ կրոնը պաշտպանում է), ինչպես պարտադրված է Ալլահի կողմից` բարձրացնել նրանց, ինչպես կբարձրացնեք ինքներդ ձեզ, պաշտպանել նրանց այն ամենից, ինչից կպաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր ազգակիցներին, ձեր ուժը դարձրեք նրանց ուժը, հպարտացեք և բարգավաճեք ձեր ուժով, և պաշտպանեք նրանց վանքերն ու եկեղեցիները, ինչպես կպաշտպանեք ձեր մզկիթներն ու տաճարները:
Ով որ վիրավորի նրանց կանանց, սուր քաշի նրանց վրա և ճնշի նրանց, նա ժխտում է Ալլահին տված մահմեդականների խոստումը, որը մահմեդականների պարտավորությունն է:
Իմացած եղեք, որ եթե այն, ինչ հասարակությունը լսում է` ճշմարիտ է, ապա դուք զայրացրել եք ձեր Ալլահին և այն չի գոհացրել ձեր մարգարեին ու Շարիաթը: Դուք ձեր մահմեդական եղբայրներին հեռացրել եք իրենց կրոնից, որի մերժումը դարձել է սոսկալի` այս նողկալի արարքի պատճառով, խախտելով այն, ինչն արգելված է, և դուք արձակում եք ձեր կրոնից անտեղյակ մարդկանց լեզուները` սոսկալի բառեր ասելու ընդդեմ բոլոր մահմեդականների:
Ուրեմն, լսեք, թե ինչ է ասել ձեր մարգարեն նման իրավիճակների մասին, որում դուք այժմ հայտնվել եք: Նա ասել է. «Նա ով սպանում է դաշնակից անձի [անձ, որն ըստ համաձայնագրի միացել է իսլամին`օգնության և աջակցության նպատակով] չի զգա Դրախտի բուրմունքը և եթե անգամ զգա այն, ապա դա կլինի 40 տարվա հեռվից»: Նա նաև ասել է. «Անձը, որը գցում է «dhimmi»-ին [հրեական կամ քրիստոնեական փոքրամաuնության անձ] կմտրակվի կրակի ճիրաններում Ահեղ դատաստանի օրը»:
Այս փաստաթղթից ամբողջովին պարզ է դառնում, որ 1909 թվականի հայկական կոտորածները և դրան հաջորդած 1915 թվականի Ցեղասպանությունը մահմեդական թուրքերի և հայ քրիստոնյաների միջև եղած կրոնական բախման արդյունք չէին: Ալ-Ազհարի Մեծն շեյխն արդարացիորեն դատապարտել է թուրքերին` հայերի զանգվածային կոտորածի համար, որը կատարվել է ռասիստ պանթուրքական, և ոչ թե պանիսլամական նկատառումներով` հայկական հողերն ու կալվածքները գրավելու մտադրության հետ միատեղ: Թուրք մուֆթիների (հոգևորական) կողմից արձակված տարբեր ֆեթվաները նպատակ ունեին հրահրել մոլեռանդ թուրք խուժանին` հարձակվել և սպանել անմեղ հայերին:
Շեյխ ալ-Բիշրիի 1909 թվականի ֆեթվան հետագայում ամրապնդվել է 1917 թվականին Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիի արձակած հրովարտակով` հրամայելով բոլոր մահմեդականներին պաշտպանել հայերին և «ապահովել այն ամենով, ինչի կարիքը նրանք կարող են ունենալ … որովհետև նրանք մահմեդականների Պաշտպանված ազգն են, որոնց մասին մարգարե Մուհամմեդն ասել է. «Ով որ անգամ պարան գողանա նրանցից, ես կլինեմ նրա հակառակորդը Ահեղ դատաստանի օրը»:
2009 թվականին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե «Մահմեդականները ցեղասպանություն չեն կատարել», նա միայն մասամբ էր ճիշտ: Նա պետք է ասեր. «Լավ մահմեդականները ցեղասպանություն չեն կատարել»: Երիտթուրքերի կուսակցության ղեկավարները, ովքեր 1915 թվականին իրագործել էին Հայոց ցեղասպանությունը, դատելով իսլամի սուրբ գրքի` Ղուրանի ուսմունքներից, հավատացյալ մահմեդականներ չէին: Նրանք պարզապես ոճրագործներ էին, որոնք իսլամը իբրև հարմար պատրվակ էին օգտագործել զանգվածային ջարդեր իրականացնելու համար: Ալ-Ազհարի Մեծն շեյխի կարեկցող ֆեթվան դեռ այսօր էլ ճշմարիտ է հնչում, մանավանդ այս օրերին, երբ մահմեդական աշխարհը նշում է Ռամազանի ավարտը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր