Անծանոթների բարությունը. «Khaleej Times»-ի ճանապարհորդական պատմությունը Հայաստանի մասին
Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող անգլալեզու «Khaleej Times» լրատվամիջոցը դեպի Հայաստան ճանապարհորդության հետաքրքիր պատմություն է հրապարակել՝ «Անծանոթների բարությունը» վերտառությամբ: Հեղինակը գրում է, որ վերջերս Հայաստան կատարած ուղևորության արդյունքում բացահայտվեց, որ երկրի իրական գեղեցկությունը ոչ միայն սքանչելի բնության մեջ է, այլև ժողովրդի հաստատակամ առատաձեռնության։
«Ժամանակակից աշխարհն ունի էմպատիայի սահմանափակում։ Սակայն, ես լիությամբ գտա այն վերջերս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Տեղացիների՝ բացարձակ անծանոթներին օգնության ձեռք մեկնելու անմիջականությունն ու բնական հակումը ոգևորեց ինձ։
Հայերի բարեկամական տրամադրվածությունն արտահայտվում էր ամենուրեք, որտեղ էլ լինեի՝ խանութներում, առևտրի կենտրոններում, ճանապարհներին, և սա վերահաստատեց իմ հույսն առ մարդկություն։ Հենց այս քայլերի անձնվիրությունն ստիպեց ինձ սիրահարվել Հայաստանի իրական գեղեցկությանը՝ ժողովրդին»,-գրում է հեղինակը՝ Թըրդո Բաներջին։
Հյուրընկալության դաս
Հնդկական սնունդ. այն էր, ինչ ես և կինս փնտրում էինք առաջին օրը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թեպետ մենք ունեինք ռեստորանի հասցեն և համարը, դա այնքան էլ չօգնեց, քանի որ մենք ծանոթ չէինք քաղաքի փողոցներին։ Չնայած մեր՝ քանիցս զանգերին (մենք ձգտում էինք պարզել գտնվելու վայրը), օպերատորի կողմից առաջարկվող ցուցումները բացարձակ զուր էին։ Ի հավելում մեր անհանգստությանն, ես չկարողացա մուտք գործել «Գուգլ»-ի որոնողական համակարգ։ Մեզ հանդիպած ոչ մի անցորդ ամենափոքր պատկերացումն անգամ չուներ հնդկական այդ սնման կետի մասին, և մեր բոլոր հարցումներն ապարդյուն էին։ Սրտնեղած, մենք պատրաստվում էինք հրաժարվել որոնումից, երբ հանկարծ միջին տարիքի մի մարդ, ով որոշ ժամանակ հավանաբար հետևում էր մեր հուսահատ քայլերին, մոտեցավ մեզ և քաղաքավարի հարցրեց․ «Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ եք փորձում գտնել»։
Հույս փայփայելով՝ մենք պատմեցինք նրան մեր հուսախաբությունը և տվեցինք ռեստորանի անունը։ Նրա աչքերը փայլեցին, ի զարմանս և ի հանգստություն մեզ, նա ասաց․ «Այո, այո, ես գիտեմ այն․․․․ հնդկական ռեստորան է, այդպես չէ»։ Պարոնը նույնիսկ մեզ հակիրճ ներկայացրեց մեզ հանդիպող որոշ շենքերի պատմությունները՝ ինչպես փորձառու գիդ։ Նախքան լայն ժպիտով ձեռքսեղմումը, նա հավաստիացավ, որ մենք հասել ենք մեր նպատակակետին։ Ես կարողացա աղոտ կերպով ասել «Շնորհակալություն», ինչին նա արագորեն պատասխանեց․ «Ոչ, այդ ես պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ, որովհետև Դուք այդքան մեծ գումար եք ծախսել իմ երկիր այցելելու համար։ Ես գոհ եմ, որ Դուք Հայաստանում եք»: Այս բառերը դրոշմվեցին իմ գիտակցության խորքում։
Ձեռք բերելով ընկերներ
Հայաստանի հարուստ ժառանգությունն ամենուրեք է․ հատկապես հանրահայտ հուշարձանները, որոնցից շատերը թվագրվում են 3-4-րդ դարեր։ Դրանցից մեկը Գեղարդի վանքն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-Ի Համաշխարհային ժառանգության մաս է։ Տեղակայված լինելով հանդարտ միջավայրում՝ շրջապատված կանաչ լեռներով, վանք կարելի է հասնել գեղատեսիլ գլաքարերի ճանապարհով։
Ես հիացած էի սոճու կոներով, որոնք ընկած էին հատակին՝ վեր խոյացող ծառից, որն իր մտացիր հայացքը սևեռել էր վանքին։ Դրանք շուրջս էին ցրված և ես հավաքեցի մի բուռ մի քանի սորտ։ Ձեռքերս միայն մի քանիսը կարող էին պահել, և մինչ ես զբաղված էի այդ գործողությամբ, բղավոց լսեցի։ Մի կին, որը հավանաբար 60-ն անց էր, ձեռքով էր անում ինձ իր ինքնաշեն խանութից ձեռքին մի փաթեթավորված տուփով։ Ես կարծեցի, նա ցանկանում է, որ գնեմ իր ապրանքները և ձևացրի թե չեմ նկատել։ Սակայն, շուտով հասկացա, որ ինձ առաջարկում է պայուսակ, որում կդնեմ սոճու կոները։ Դրանից հետո, ես խնդրեցի նրան սիրողական լուսանկար անել, ինչին նա համաձայնվեց աշխուժությամբ։ Ես հավերժ իմ մտքում կփայփայեմ նրա մաքուր, անմեղ հոգին, ով ձեռք մեկնեց ինձ։
Թխված է սիրով
Մոտ 1800 տարի առաջ կառուցված՝ հունա-հռոմեական կառույցի տարրեր պարունակող Գառնու տաճարը դիտելուց հետո, մենք նաև դիտեցինք նրա շուրջը ավերակները և հոգնած ու քաղցած էինք։ Ռեստորանում, որը ծառայում էր որպես հայկական իսկական խոհանոց, մենք լանչ պատվիրեցինք։ Դեռ ավելին, սնունդը պատրաստված էր օրգանական աճեցրած ձավարեղենից և բանջարեղենից։ Հիասքանչ էր ճաշելը բնության միջավայրում՝ փայտե աթոռներին նստած՝ եփած բրնձի թեթևակի հոտով և մեղմ քամով պարուրված։ Մոտակայքում մի տարեց կին թխուկներ էր թխում։ Չնայած ջեռոցի տապին, նա ակնհայտ հմտությամբ իր գործին անցավ։ Մեր կերակուրը պատրաստ էր, ես և կինս տարակուսանքի մեջ էինք։ Չէինք կարողանում որոշել աղանդերը։ Կինը թխվածք տվեց մեզ իր ջեռոցից։ Դրանք հագեցրին մեր՝ ինչ-որ քաղցր բան փորձելու անզուսպ քաղցը։ Մեկնելուց առաջ, նա կնոջս ջերմորեն գրկեց։ Այդ քաղցր պահը ֆիքսեց իմ ֆոտոապարատի օբյեկտիվը։
Խորհրդի կարգով
Մենք ցանկանում էինք տեղաշարժվել Երևանի մետրոյով, որպեսզի ծանոթանաք քաղաքին՝ շարժունության մեջ։ Ճանապարհի մի կողմում գտնվող Մետրոյի ցուցանակը ուղղորդեց մեզ դեպի աստիճանները, որոնք մեզ տարան ստորգետնյա սրահ։ Մենք ի վիճակի չէինք որոշել՝ ինչ տիպի տոմսեր գնել։ Երբ տատանվում էինք տոմսերի վաճառասեղանի մոտ, մի տղամարդ, ով տոմս գնեց՝ մեզ հետ զրույց նախաձեռնեց։ «Դուք տոմս եք ցանկանում,- հարցրեց նա՝ մեղմ ժպիտով ավելացնելով,- մի անհանգստացեք, այն ընդամենը 200 դրամ է, ուր էլ գնաք։ Այդ շրջադարձային տեղեկատվությունը փարատեց մեր բոլոր կասկածները և օգնեց մեզ թոթափել մեր շփոթվածությունը։ Նոր գտած համոզվածությամբ, ես մոտեցա տոմսարկղի մոտ և ասացի. «Երկու տոմս, խնդրում եմ»: Ես շրջվեցի, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այդ տղամարդուն, սակայն չկարողացա գտնել նրան։ Ես հասկացա, որ իրական բարությունը երբեք չի սպասում երախտագիտության:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց Շուշան Սիմոնյանը