ՌԴ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարները անհրաժեշտ են համարում բանակցություններ սկսել Իրանի հարցով
Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Աբդել Լաթիֆ ազ Զայանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը Իրանի շուրջ հակամարտության ֆոնին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Պարսից ծոցի գոտում իրադրության զարգացմանը լայնածավալ զինված հակամարտության պայմաններում, որն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի հետևանք է», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտությունը՝ ողջամիտ փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակով», – նշվում է հայտարարության մեջ։
Կողմերն անընդունելի են համարել խաղաղ բնակչության ու կարևոր ենթակառուցվածքների թիրախավորումը։Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները Մերձավոր Արևելքում իրադրության կայունացմանը նպաստելու համար։



