Բաժիններ՝

ԱՄՆ-ն ռազմավարական պահուստներից կհանի 172 մլն բարել նավթ կտրուկ գնաճի դեմ պայքարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հրամայել է ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստներից 172 միլիոն բարել նավթ բաց թողնել։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ֆոնին նավթի գները կտրուկ աճել են՝ հասնելով վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի։

Ինչպես հաղորդում է CBS News-ը, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիստոֆեր Ռայթը հայտնել է, որ պահուստներից նավթի դուրս հանումը կսկսվի հաջորդ շաբաթ և կտևի մոտ 120 օր։

Այս քայլը Էներգետիկայի միջազգային գործակալության կողմից համակարգված գործողությունների մաս է։ Գործակալության 32 անդամ երկրներ, որոնց մեծ մասը ԱՄՆ դաշնակիցներ են, մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։

Ռայթն ասել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է «հաջորդ տարվա ընթացքում» համալրել պահուստը 200 միլիոն բարել նավթով։

ԱՄՆ նախագահ Թրամփը ևս մարտի 11-ի ուշ երեկոյան լրագրողներին ասել է, որ պահուստը սպառելուց հետո «մենք այն կլրացնենք»։

Կառավարության տվյալներով՝ ռազմավարական նավթային պաշարները, որոնք պահվում են Տեխասի և Լուիզիանայի հսկայական ստորգետնյա քարանձավներում, անցյալ շաբաթվա դրությամբ պարունակում էին մոտ 415 միլիոն բարել նավթ։ Ընդհանուր առմամբ, Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ իր անդամներն ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել պաշարներ։

Էներգետիկայի միջազգային գործակալության պահուստային համակարգը ստեղծվել է 1970-ականներին՝ արաբական պետությունների կողմից նավթային էմբարգոյի հետևանքով, որի հետևանքով խափանվել էր ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցների մատակարարումները։ ԱՄՆ-ն և այլ անդամ երկրներ պարբերաբար օգտագործել են իրենց պաշարները՝ գնային ցնցումները ժամանակ։ Վերջին անգամ դրանք կիրառվել էին 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս