Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել
Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի երբեմնի փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ Դիարբեքիրում «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլմը ցուցադրվել է 2025-ի դեկտեմբերի 17-ին։ Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917-ին աղջիկը փրկություն է գտնում ԱՄՆ-ում։
Կինոգործիչի դեմ հարուցվել է դատական հայց՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Նրա անունը հայտնվել է ֆիլմի Դիարբեքիրում ցուցադրության դիմումի (ցուցադրման միջնորդագրի) մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել ֆիլմի ցուցադրության համար։
1915-ի հայերի ցեղասպանությունը պատկերող ֆիլմի երկխոսությունները ներկայացվել են որպես մեղադրանքների ապացույց: Կինոգործիչն իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ նշել է, որ ֆիլմը մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ և ինքը չի ընդունում այդ մեղադրանքները։



