Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ. Ալիև

Բաքվի XIII Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, ընդունվել է Համատեղ հռչակագիր, որը նախաստորագրվել էր մի քանի ամիս առաջ։

Նրա խոսքով՝  խաղաղությունն արդեն զգացվում է գործնականում՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին արդեն հրաձգություններ տեղի չեն ունենում, չկան զոհեր և կորուստներ։

«Մենք հանել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ և ամենաանհրաժեշտ նավթամթերքների արտահանումն այդ երկիր»,- նշել է նա։

Նրա խոսքով՝  անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։

«Դրա շնորհիվ կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։

Տեսանյութեր

Լրահոս