Բաժիններ՝

«Ամեն շիրիմի վրա բավականին երկար գործողություն է արվել, կոնկրետ մեր մարտական ընկերոջ նկարի վրա մորուք են ավելացրել». Ազատամարտիկներ

«Սա ես համարում եմ վանդալիզմ: Նման գործողություն վերջին անգամ հայկական գերեզմանների հանդեպ կատարվել է Նախիջևանում: Կառաջարկեի, որ համապատասխան գործողությունների արդյունքում գտնեն մեղավորներին և արժանի  պատժի ենթարկեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատամարտիկների վետերանների միության  փոխնախագահ Կարապետ Զաքոյանը՝ խոսելով Եռաբլուրում կատարվածի մասին: 

«Ես այստեղ տեսնում եմ պետության բացթողումը. լավ կլիներ, որ մամուլում, հեռուստատեսությունում ավելի շատ ժամանակ հատկացվեր հայրենասիրությանը, երկիրը պահող զինվորների կյանքի ու գործունեության վերաբերյալ հաղորդումներին: Այն, ինչ կատարվել է մեր գերեզմաններում, նույնը կատարվում է աշխարհի տարբեր երկրներում: Սա ծես է, որը կատարվում է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը:  Միայն Եռաբլուրում 2.5 ժամ էր պետք, որ դա կատարեին: Իմ կարդացածից կարող եմ ասել, որ ընտրում են երիտասարդ հոգիներ ու հոգի են կանչում՝ կատարելով իրենց արարողությունը: Գերեզմաններից մեկի մոտ երևում է, որ կրակ են վառել, ինչ-որ բան են հալեցրել: Դա ժամանակ է պահանջում, ու մեկ հոգու կատարած չէ»,- հավելեց նա:

Իրավաբան Էմիլ Մարկոսյանի կարծիքով էլ՝ եթե դա իրոք ծիսակատարություն է, ապա այն միանձնյա չի արվում, իսկ այս դեպքում, դատելով մասշտաբներից՝ կինը միայնակ չի եղել:

«Տեղի ունեցածը հանցագործություն էր՝ ուղղված պետության դեմ: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ հայտնաբերել են 51-ամյա կնոջ, ով այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար: Ես այդ վարկածին չեմ հավատում: Նրան բերման ենթարկելուց հետո Դավիթաշենում տեղի է ունեցել վանդալիզմի կրկնությունը: Տվյալ սրբապղծության արմատները վաղուց են եկել:

Մինչև շիրիմները պղծելը՝ խոսքերով են պղծել մեր տղաների հիշատակը, և պետությունը, հանրությունն արժանի պատասխան չի տվել այդ ամենին: Ամիսներ առաջ ասացին, թե Ռոբերտ Աբաջյանը հերոս չէ, նա չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում:

Պետությունը, հասարակությունը փոխանակ ստիպեր նման անձանց ներողություն խնդրել հանրությունից ու Աբաջյանի ծնողներից, լսեցինք մեկ նախադասություն, որ ռազմահայրենասիրական շիզրոֆրենիան հաղթեց սթափ բանականությանը: Տղաների հիշատակը, մեր ազգային արժեքները վտանգված են ԼԳԲՏ-ների, աղանդների ու մի շարք այլ կազմակեպությունների առկայությամբ: Կամ պետությունը պետք է իրավական որակումներ տա այս ամենին, կամ էլ գործը կարող է հասնել ինքնադատաստանի: Հիմա մեր արտաքին թշնամին տարածում է այս ամենն ու ուրախանում մեր ցավի վրա»,- նկատեց Էմիլ Մարկոսյանը:

«Եթե այս կնոջն անմեղսունակ ճանաչեն, հոգեբուժարանում պետք է ավելի խիստ ժամկետով փակեն, որ մնացածը, անգամ նրանք, ովքեր մասնակցել են այս ամենին, հասկանան, որ իրենց էլ է պատիժ սպասվում: Ամեն շիրիմի վրա բավականին երկար գործողություն է արվել: Այնպես չէ, որ եկել, մի բան են արել ու վազելով գնացել են: 21 շիրիմ՝ միայն Եռաբլուրում, 68 շիրիմ՝ Զովունիում ու Դավիթաշենում: Այդ կինը, շատերի կարծիքով, մենակ չի եղել: Կոնկրետ մեր մարտական ընկերոջ՝ Սաշիկի նկարի վրա ավելացրել են մորուք»,- հավելեց ԵԿՄ նախկին վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը:

Բանախոսները նշեցին, որ իրենց կարծիքով՝ սա սադրանք է ու պետք է կանխել, ինչպես նաև կարևորեցին պահակների զգոնությունը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս