Եռաբլուրում հերոսների շիրմաքարերի վրա այրված մոմ լցնողը 51-ամյա կին է
Այսօր օգոստոսի 1-ին սոցցանցերում «Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները» վերնագրով տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին պղծված և վնասված շիրմաքարերը։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։
Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ կնոջ անուն-ազգանունը Գրետա Մնացականյան է։