«Երևանն այսօր նմանվել է փակվող օբյեկտի». Ռուսլան Բաղդասարյան
Արդեն տևական ժամանակ քաղաքացիները, այդ թվում՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, բարձրաձայնում են Երևանի կանաչապատ տարածքները չոռոգելու խնդրի մասին։ Այս կապակցությամբ երեկ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե կանաչապատ տարածքների ոռոգման հետ կապված գլխավոր խնդիրը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է։
Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների, աղբահանության և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ։
– Պարոն Բաղդասարյան, Երևանի քաղաքապետարանը կանաչապատ տարածքների ոռոգման հետ կապված հաղորդագրություն է տարածել, որպես համայնքի նախկին ղեկավար և մայրաքաղաքի բնակիչ՝ այդ պարզաբանումը Ձեզ համար տրամաբանակա՞ն էր։
– Այստեղ որևէ տրամաբանություն չկա։ «Վեոլիա ջուր» ընկերության անունն են թվացյալ հոլովում, բայց մայրաքաղաքում ոռոգման ջրամատակարարումը կազմակերպում է Ջրային պետական կոմիտեն, որի ղեկավարն իրենց թիմակիցն է։ Երբեք Երևանի քաղաքապետարանը նման անհեթեթ պատճառաբանությամբ չէր պատասխանել, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Գուցե խնդիրը հենց իրե՞նք են, իրենց մեջ պետք է ամեն ինչ վերլուծեն ու հասկանան։ Արդեն 1000 հեկտարից ավելի տարածք է այրվել Երևանում։ Քաղաքային իշխանության ապաշնորհության արդյունքում բոլոր թաղամասերում տարածքներ են այրվել։ Ջրային կոմիտեն որ իրենց ջուր չի տալիս, այս հարցն ո՞վ պետք է լուծի, բա թող զանգեն ու ջուր ուզեն։ Ինչո՞ւ ջուր չի տալիս, որովհետև Ջրային կոմիտեին փող չեն տալիս, փողը կրճատել են գրեթե 500 մլն դրամով։
– Մեկ տարի առաջ կանաչապատ տարածքները ոռոգվում էին, մեկ տարվա ընթացքում այդ համակարգում ի՞նչ փոխվեց, միայն գումարի կրճատո՞ւմը հանգեցրեց նման խնդրի։
– Կարծում եմ՝ միայն գումարի կրճատումը չէ պատճառը։ Հիմա մի քիչ տհաճ է ստացվում ասելը, որովհետև ստացվում է՝ թիրախավորում եմ քաղաքային իշխանություններին։ Չեմ ուզում նման բան անել, բայց երբ պատճառը փնտրում ենք, թե ինչու ենք նման վիճակում հայտնվել, հասկանում ենք, որ պատճառը միայն իրենք են, քանի որ կառավարման փորձ չունեն։
Ժամանակին, երբ ասում էի՝ չորս դերասան ղեկավարելը կամ պրոդյուսեր լինելը Երևան ղեկավարելու հնարավորություն չի տալիս, սրա մասին էի ահազանգում. ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Հիմա պատճառ ենք ման գալիս, իսկ պատճառը քաղաքային իշխանություններն են, նրանք պետք է գնան, որպեսզի նոր պրոֆեսիոնալ մարդիկ գան և կարողանան կառավարել: Եթե նման մարդիկ ունեն ավագանու կազմում՝ լավ, եթե չունեն, ապա Երևանը, որն առանց այդ էլ գտնվում է ծայրահեղ վիճակում, այսպես պետք է քանդվի տարեցտարի:
Օրինակ, երբ օդանավակայանից մտնում են Երևան՝ գազոնի մեջ մեծ ցուցանակ կա, որի լույսերի մի մասը չի վառվում։ Դա ինձ հիշեցնում է 90-ական թվականները, երբ ինչ-որ մեկն օբյեկտ էր բացում, հետո այն չէր արդարացնում՝ սկսվում էր փակման գործընթացը։ Երևանն այսօր նմանվել է փակվող օբյեկտի։
– Ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ նոր աղբամաններն առաջինը տեղադրվելու են Դավիթաշեն համայնքում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են որոշել սկսել այդ համայնքից, Ձեր քննադատություննե՞րն են պատճառը, թե՞ այնտեղ բնակիչները քիչ են, և արդյունքն ավելի արագ ու տեսանելի կլինի։
– Ինքս միայն ուրախ կլինեմ, եթե քաղաքային իշխանությունը քննադատություններին միայն աշխատանքով պատասխանի։ Բայց չեմ կարող ասել, թե այս պահին նրանց մտքով ինչ է անցել, որ որոշել են սկսել Դավիթաշենից, քանի որ նրանց մտածելակերպը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Ինչ վերաբերում է աղբամաններ տեղադրելուն, քաղաքապետարանը «ՍանիՏեք» ընկերության հետ, որը միջագային կազմակերպություն է, իրավական դաշտում հարցերը չլուծած, աղբամանները ձեռքը տվեց ու ասաց, որ վերցնի ու գնա Դավիթաշենից։
Սա դասական «խլոցի» է, չի կարելի, սրա տակից Երևանը դուրս չի գա։
Հայկ Մարությանն այսօր կա, վաղը չկա, թաղապետերն էլ այսօր կան, վաղը՝ չկան, բայց երևանցիները մնալու են ու շարունակելու են ապրել մայրաքաղաքում։ Այսօրվա այս բոլոր խնդիրները, որը ստեղծում են, վաղը երևանցիների քթից է դուրս գալու։ Այնքան անգրագետ են, որ ուղղակի կերպով ասում են՝ վերցրեք աղբամաններն ու այստեղից գնացեք։ Պայմանագրով իրենք են Դավիթաշենը սպասարկում, թող կա՛մ լուծարեն պայմանագիրը և դատարանում դատվեն «ՍանիՏեքի» հետ, կա՛մ «խլոցի» անելը ո՞րն է, սա ո՞ր թիվն է։
Չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել միջազգային ընկերության նկատմամբ, վաղը որևէ միջազգային ներդրող չի գալու Հայաստան։
– Ավագանու նիստին քաղաքապետը նաև նշեց, որ աղբահանության գործընթացը տապալել է «ՍանիՏեքը», Դուք ի՞նչ կարծիքի եք։
– Արդեն ասացի, որ նրանք կարծում են, թե բոլորը մեղավոր են, բացի քաղաքապետից, ես էլ ասում եմ, որ մայրաքաղաքի կառավարումն ինքն է տապալել։ Եթե նա կարողանում է «ՍանիՏեքին» հեռացնել Երևանից, բա իրեն ո՞վ է հեռացնելու՝ կառավարումը տապալելու համար։ Երևանցիները դեռ այնքան չեն բարկացել, որ քաղաքապետին ճանապարհեն, նա պետք է թասիբ ունենա ու գիտակցի, որ տապալել է քաղաքի կառավարումը։
Կանաչ տարածքները չեն ոռոգում, պատճառաբանում են, թե ոռոգումը վատ են կատարում, աղբը չի հավաքվում, ասում են, թե «ՍանիՏեքն» է վատ սպասարկում, հետո՞… վաղն էլ, որ շենքերը փլվեն, կասեն՝ կոմունիստները ցեմենտը կերե՞լ են։ Նույն այդ ոռոգման ջրով ու Ջրային կոմիտեով Երևան քաղաքը մշտապես ավելացրել է կանաչ տարածքները և դրանք ոռոգել է։
Իմ 6,5 տարվա կառավարման ընթացքում ընդունել եմ 15 հազար ծառ, հետո համայնքը հանձնել եմ 22 հազար 500 ծառով։ Դա տաժանակիր աշխատանք էր, եթե այսօրվա իշխանություններին թվում էր, որ կաբինետում նստելու են և ամեն ինչ նույնությամբ անեն՝ սխալվել են։
Քաղաքային իշխանության որևէ ղեկավար մարմին բնակիչների հետ չի զրուցում, որովհետև բնակիչը նրան հայհոյում է։
– Որևէ մեկը ձեռնամուխ եղե՞լ է՝ հասկանալու, թե ինչո՞ւ «ՍանիՏեքը» չի իրականացնում պայմանագրով նախատեսված լիազորությունները, և եթե ընկերությունը վատ է կատարում իր աշխատանքը, ինչո՞ւ քաղաքապետարանը նրա հետ չի խզում պայմանագիրը։
– Իմ սուբյեկտիվ վերլուծությամբ՝ մինչև ընտրվելը քաղաքային իշխանությունն արդեն տրամադրված էր ընկերությանը Երևանից հեռացնելու։ Նրանք խնդիրը լուծելու համար չեն եկել, ընկերությունից իր գործառույթը վերցնելու համար են եկել, սա իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ «ՍանիՏեքը» պատրաստակամություն էր հայտնել ներդրումներ անելու, դրա համար նա երաշխիքներ էր ուզում։ Միջազգային ընկերությունը երաշխիքներ պետք է ունենա, որ իր ձեռքից բիզնեսը չեն վերցնի։
Քաղաքային իշխանությունը երաշխիքներ չտվեց, նա էլ իր ներդրումները դադարեցրեց։ Չի կարող ընկերությունը հինգ տարի աշխատի և ներդրումներ ապահովի, հանկարծ ինչ-որ բան կատարվի և ներդրումներ չկատարի։
– Հեղափոխության օրերին փողոցներում տեղադրված աղբամաններով հաճախ փակում էին ճանապարհները՝ դրանք մասամբ վնասելով, «ՍանիՏեքը» այս հանգամանքը կարո՞ղ է օգտագործել քաղաքային իշխանությունների դեմ՝ նշելով, որ նրանց ձեռքով է գույքը վնասվել։
– Եթե գույքը փչացել է, այդ մարդիկ հաշվարկ կանեն և վաղը պահանջ կներկայացնեն պետությանը, ասելու են՝ հեղափոխության ժամանակ, օրինակ, 100 հատ աղբաման եք փչացրել, ամեն աղբամանը մի քանի հարյուր եվրո արժե։
Տեսնելով, որ երևանցիներին դուր չի եկել Թբիլիսիում նախատեսված ասուլիսը, «ՍանիՏեքը» բնակիչներին հարգելով՝ ասուլիսը չեղարկեց և տեղափոխեց Երևան։ Սակայն այդ ուղղությամբ քաղաքապետարանը ոչինչ չարեց, այսինքն՝ մենք հասել ենք այն աստիճանի, որ երկրից միջազգային ներդրողը փախնում է։
Զվարթ Խաչատրյան