«Պետք չէ Հայաստանի ու Արցախի ներքին իրավիճակները միմյանց հետ զուգակցել՝ դրանք արմատապես տարբեր են». Դավիթ Բաբայանը՝  Սամվել Բաբայանի ստորագրահավաքի և Արցախում իշխանափոխության մասին

Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հետ կապված  նախաձեռնության հետ կապված, հնարավոր է, նոր զարգացումներ լինեն։ Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն, եթե այդ նախաձեռնությունը չհաջողվի, ապա Ս. Բաբայանը նպատակ ունի փակելու Արցախ տանող բոլոր ճանապարհները։

«Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը։ Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են»,- գրել էր թերթը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար Գագիկ Մելքոնյանն էլ այս առիթով ասել էր, որ Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է, կա Հայաստանի օրինակը, և ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի-տանի բոլորին:

Հիշեցնենք,  որ այդ փոփոխությունը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախում՝ նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով շրջանառվող լուրին, նկատեց՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, քանի որ գոյություն ունի օրենք, ժողովրդավարություն և կամքի ազատ արտահայտում, և ցանկացած քայլ, որը հակասում է օրենքին և իր մեջ պարունակում է պարտադրանք՝ անընդունելի է, անկախ այն հանգամանքից, թե ով է դրա հեղինակը։

«Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ յուրայիններ ու թշվառներ, ո՛չ էլ մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, կամ՝ հակառակը։ Սա առողջ և պարզ տրամաբանություն է, Արցախն այդպիսի երկիր է և նման երկիր պետք է լինի միշտ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով պաշտպանության նախկին փոխնարար Գ. Մելքոնյանի մեկնաբանությանը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ տարբեր քաղաքական գործիչներ տարբեր ձևով են մեկնաբանում երևույթները, ինչը նրանց  գործն է։

«Իշխանությունը հավերժ երևույթ չէ, իշխանությունը պետք լինի միասնական, բայց իշխանավորները՝ մարդիկ, բնականաբար, պետք է փոխվեն և փոխվում են։ 2020 թվականին փոփոխություններ են լինելու, նախատեսված է նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք նախատեսված է մարտի վերջ, ապրիլի սկիզբ։ Ժողովուրդն ինքը կընտրի իր ղեկավարին, և հասկանալի է, որ քաղաքական առումով Արցախն ակտիվ է այս պահին, և այդ ակտիվությանն ինչ-որ տեղ նպաստել են սահմանադրական բարեփոխումները։

Բացի այդ, Արցախում ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական, լինելու են մեկ օրում, առաջին անգամ համամասնական ընտրություններ են լինելու, ինչը նշանակում է, որ որևէ մեկը չի կարող ինքնառաջադրմամբ մտնել խորհրդարան։ Կարծում եմ՝ սա Արցախի համար ճիշտ չէ, սակայն այդուամենայնիվ ժողովուրդն իր որոշումը կայացրել է։

Այդ պատճառով քաղաքական ուժերը հիմա ավելի են շատացել, ինչը կանխատեսելի էր, որովհետև եթե համամասնական է, տարբեր մարդիկ պետք է տարբեր ձևով միավորվեն, ձևավորեն քաղաքական ուժեր և պայքարեն դաշտում, սա է նորմալ ձևը։ Մնացած դեպքերում պետք չէ Հայաստանի ու Արցախի  ներքին իրավիճակները միմյանց հետ զուգակցել և  ասել, որ դա նույնն է՝ նույնը չէ, դրանք արմատապես տարբեր են։ Ինքս որևէ նմանություն չեմ տեսնում։ Պետք է ընտրությունները նորմալ անցկացնել, արդար ու թափանցիկ, ինչպես միշտ արել ենք, և նոր իշխանություն ընտրենք։ Պայքարը բոլորի համար պետք է հավասար լինի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախի բոլոր ճանապարհները փակելուն, Դավիթ Բաբայանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ վերջնական խոսքը ժողովրդին է, քանի որ, եթե գործը հասնի հանրաքվեի, ժողովուրդը պետք է որոշի և արտահայտի իր կամքը։

«Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, որևէ մեկը չպետք է լինի արտոնյալ վիճակում և որևէ մեկը չպետք է իր կամքը թելադրի ժողովրդին, լինի իշխանավոր թե հասարակ քաղաքացի։ Ազգովի պետք է որոշենք, թե ով է լինելու իշխանությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս