«Այն ընդհանուր  կոչ էր, և որևէ մեկի անունը նշված չէր». Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԱԾ կոչի և Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին

Հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ հորդորելով  2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցող անձանց գործել միայն օրենքների շրջանակներում: «Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը:

ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»,- նշել էր Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

Չնայած հայտարարության մեջ որևէ անուն նշված չէր, այդուհանդերձ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԱԱԾ-ի կոչն ուղղված էր Սամվել Բաբայանին, որը պատրաստվում է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին, ավելին, սկսել է ստորագրահավաք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով։

Հիշեցնենք, որ այդ փոփոխության համար անհրաժեշտ է 110. 000 ստորագրություն, սակայն այս պահին հավաքվել է դեռևս 23 հազարը։ Փոփոխությունը  հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախում՝ նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում:

Հուլիսի 9-ին Սամվել Բաբայանի գրասենյակը  կոչով դիմեց Արցախի ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ նշելով, որ Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով, այսինքն՝ ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց՝ սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։

 168.am-ը  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ո՞ւմ էր ուղղված ԱԱԾ կոչը։

«Նախ՝ պետք է ԱԱԾ-ն ասի, թե կոչն ում է ուղղված, բայց որքանով հասկացա, այն ընդհանուր  կոչ էր, և որևէ մեկի անունը նշված չէր։ Մեր բոլորիս պարտքն է, որպեսզի գործենք միայն Սահմանադրության շրջանակներում, անկախ ամեն ինչից։ Այդ հայտարարության ամբողջ էությունը սա էր»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին՝ Դավիթ Բաբայանը նկատեց, որ ցանկացած քաղաքական գործիչ  իրավունք ունի Սահմանադրության շրջանակներում կատարել ցանկացած քայլ։

«Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս նման ստորագրահավաք՝ անկախ այն հանգամանքից՝ դա Սամվել Բաբայա՞նն է իրականացնում, թե՞ մեկ ուրիշը, եթե գործում են օրենքի շրջանակներում, ապա այն, ինչ արգելված չէ, թույլատրելի է։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ մենք յուրայիններ և ախոյաններ չպետք է ունենանք, այդ թվում՝ թշվառներ, լինի քաղաքական դաշտո՞ւմ, թե՞ սոցիալական արդարության կամ մեկ այլ ոլորտում, մեր կուսակցությունը դրա դեմ պայքարելու է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս