«Նման տեղեկատվություն չունեմ, ՊԵԿ-ը ո՛չ պետհամարանիշ տվողն է, ո՛չ էլ այդ անձանց հաշվառման վերցնողը». ՊԵԿ նախագահը՝ ավտոներկրողների հայտարարության մասին
Հունիսի 28-ին ավտոներկրողներն «Ընդդեմ բազմաթիվ ապօրինությունների» կարգախոսով կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էին, որ ռուսները, ղազախները Հայաստան չմտած՝ գրանցվում են՝ առանց գյուղապետարան, համատիրություն ներկայանալու, իրենց մեքենաները մաքսազերծում են Լոռու մարզում ու գնում են տուն, հայերից էլ մեքենա չեն գնում: Ղազախները, ռուսները թուրքերից ու վրացիներից են մեքենա առնում, գալիս են կեղծ գրանցում, մաքսազերծում ու հեռանում:
Այսօր ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանը լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե այս ամենը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, և ՊԵԿ-ն այստեղ ի՞նչ անելիքներ ունի։
Ըստ Դավիթ Անանյանի՝ այս հարցն այդքան էլ ՊԵԿ-ի գործառույթներին չի առնչվում, քանի որ կան Ղազախստանի քաղաքացիներ, որոնք ներմուծում են ավտոմեքենաներ և տանում են իրենց երկիր, ոչ միայն Ղազախստանի, այլև ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիներ։
«Մաքսային ձևակերպումների առումով, երբ անձը ներկայանում է մաքսային, մենք չենք պահանջում նրանից ցույց տալ՝ Հայաստանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, գործառութային առումով նման խնդիր չունենք։ Հնարավոր է՝ ահազանգ լինի, քանի որ այդ անձինք երևի գալիս գրանցվում են, պետհամարանիշ են ստանում և գնում»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նա բացառեց, որ այդ մարդիկ կարող են Հայաստան չմտնել, քանի որ, երբ մեքենան բերում են Հայաստան, դրա մաքսային ձևակերպումն իրականացնելու համար գոնե տվյալ անձը պետք է ներկայանա մաքսայինին։
«Այդ բողոքի ակցիան ավելի շուտ վերաբերում էր նրան, որ այդ անձինք, ըստ իրենց պնդումների կամ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, չգիտեմ, սա որքանով է ստույգ, գալիս են Հայաստանում հաշվառման կանգնում, և որպես Հայաստանում գրանցում ունեցող անձ՝ նրա մեքենան պետհամարանիշ է ստանում և Հայաստանից գնում է այդ պետհամարանիշով։ Ես նման տեղեկատվություն չունեմ, քանի որ ո՛չ պետհամարանիշ տվողն է ՊԵԿ-ը, ո՛չ էլ այդ անձանց հաշվառման վերցնողը»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան