«Հիմա էլ գնացեք Լոռու մարզ՝ ղազախներին, ռուսներին փռեք ասֆալտին». Ավտոներկրողները՝ ԱԱԾ-ին
Ավտոներկրողները կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ընդդեմ բազմաթիվ ապօրինությունների» կարգախոսով։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ապօրինությունների շղթան սկսվում է Բագրատաշենի անցակետից, այնուհետև տարածվում բոլոր գործընթացներում՝ գների սահմանումից մինչև հաշվառում:
«Տուփով վաճառում են հասցեները: Եթե ԱԱԾ-ն տեսնում է, որ բնակիչը մուտք չի գործել ՀՀ տարածք, սահմանում չի հարցնում՝ ընկեր, դու որտեղի՞ց ես հայտնվել Լոռու մարզում, այդ ինչպե՞ս եղավ, որ դու գրանցվեցիր: Գրանցվում, հետ են վերադառնում Վրաստան: Ձեռք են բերում ապօրինի գրանցումները, մաքսազերծում են Լոռու մարզում ու հետ են գնում: Մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Գնում ենք մեքենա գնելու, ասում են՝ ուզում ես՝ գնիր, ուզում ես՝ ոչ, հես ա ղազախը, ռուսը կգան, կծախենք իրենց: Պահանջում ենք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը վաղվանից նախարարների մակարդակով ոչ թե գնան մարդկանց փռեն պոլին, ձերբակալեն, այլ գործընթաց սկսեն, կարգավորեն: Ասում ենք՝ շաբաթ-կիրակի հերթեր են կուտակվում բաժանմունքներում, ԱԱԾ-ն գնում, տեսնում է՝ ինչ-որ մեկը 18.000 դրամով հերթ է վաճառում, դրան ասֆալտին է փռում: Ի՞նչ կապ ունի, երբ իրավիճակն այնպես եք բարդացրել, որ Սարի թաղից մինչև քննական բաժանմունք հերթ է, ու մեկն էլ հերթ է ծախում: Սովորական քաղաքացին փող չի ունեցել, 18.000-ով իր տեղը հերթում ծախել է, նրան փռում եք ասֆալտին, որ ի՞նչ: Հիմա էլ գնացեք Լոռու մարզ՝ ղազախներին, ռուսներին փռեք ասֆալտին»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ռուսները, ղազախները Հայաստան չմտած՝ գրանցվում են՝ առանց գյուղապետարան, համատիրություն ներկայանալու: Գնում-մաքսազերծում են Լոռու մարզում ու գնում են տուն, հայերից էլ մեքենա չեն առնում: Ղազախները, ռուսները թուրքերից ու վրացիներից են մեքենա առնում, գալիս են կեղծ գրանցում, մաքսազերծում ու հեռանում: Ու այդ գույքահարկն էլ մնում է մեր բնակիչների վրա: Ամեն ինչ անում են, որ մեզնից չառնեն, ադրբեջանցիներից, վրացիներից են գնում, մեր գործին էլ խփում են, նրանք էլ ծիծաղում են մեզ վրա»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ ակցիայի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, որպեսզի հանձնարարական տա իրավապահ մարմիններին՝ բացահայտել ապօրինությունները և մեխանիզմներ մշակել դրանք բացառելու ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Անի Կարապետյան