Բաժիններ՝

«Չունենք վերլուծություն, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումն  ինչպե՞ս է  ազդելու տնտեսության և բյուջեի վրա». Վահագն Խաչատրյան

Տնտեսագետ  Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ողջունելի է Կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնությունը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Ըստ նրա, եթե կա նվազագույն աշխատավարձ, և այն չի համապատասխանում ընդունված չափորոշիչներին, ըստ որի՝ այն պետք է կազմի միջին աշխատավարձի 38-40 տոկոսը, կամ սպառողական զամբյուղն ավելի պակաս է լինում, ապա նվազագույն աշխատավարձից խոսելն արդեն ծիծաղելի է դառնում։

«Երբ նայում եմ այսօրվա միջին աշխատավարձին, որը կազմում է 67 հազար 200 դրամ, և նվազագույնը բերել հավասարեցրել են այս թվին, ապա դա ողջունելի է։ Այսինքն՝ այս մոտեցումը զուտ մասնագիտական ու տնտեսագիտական մեկնաբանության առումով շատ ողջունելի է, ուրախ եմ և հուսով, որ այս ոճը կշարունակվի»,- նշեց տնտեսագետը։

Նրա բնորոշմամբ՝ իր համար անընդունելի է «սոցիալական արդարություն» եզրույթը, փոխարենն ընդունում է սոցիալական համերաշխությունը, և այս առումով, երբ դիտարկում է 2013 թվականից հետո եղած աշխատավարձերի տեսակարար կշիռը, ակնհայտ է դառնում, որ այն փոքրացել է։ Եթե 2013 թվականին տեսակարար  հաշվեկշռում 1 մլրդ դոլարի չափ էր աշխատավարձը, ապա 2017 թվականին դարձել է 680 մլն, այս տարի մի փոքր ավելացել է։

«Մեզ մոտ աշխատավարձը բացարձակ արժեքով պակասել է, թե ինչո՞ւ է նվազել՝ ստվերի՞, թե՞ պարզապես աշխատավարձ չի բարձրացել, դժվար է ասել։ Աշխատավարձի դերը տնտեսական կյանքում վերացվել էր, և սոցիալական համերաշխության առումով, կարծում եմ՝ կապիտալի կենտրոնացումը և բևեռացումը տեղի է ունեցել հենց այդ քաղաքականության արդյունքում»,- հավելեց Վահագն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձերի բաձրացումը պետք է օգտագործեն տնտեսության մեջ աշխուժություն մտցնելու համար, քանի որ սա այն հնարավորություններից է, որտեղ պետությունն իր լծակներն օգտագործելով՝ իրականացնում է։

«Եթե նվազագույն թոշակը 15 հազարից դարձրեցրին 25 հազար դրամ, պարզվեց, որ կարող էին անել, բայց չէին անում։ Նույնն էլ սա է, պարզվում է, որ ռեսուրսներ կան։ Մենք կարիք ունենք այն վերլուծության, թե այս ամենի կողմնակի ազդեցությունն ինչպե՞ս  է լինելու բյուջեի և տնտեսության վրա։ Երբ խոսում ենք ներդրումների կամ խնայողությունների մասին, ապա սա այդ ձևերից մեկն է»,- ընդգծեց տնտեսագետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս