«Եթե Սասուն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք դրանք կքննարկենք». Արայիկ Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին
Երեկ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, եթե դասեր չքաղեն թավշյա հեղափոխությունից, ապա այն իրենց կողմից կդառնա թավշյա հեռացում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը՝ նկատեց՝ առհասարակ կուսակցությունում սիրում են ցանկացած իրավիճակում վերլուծել և դասեր քաղել և սա է պատճառը, որ նախորդ տարի կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում։
«Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա, կան նաև լուծումներ։ Չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ լինեն անլուծելի խնդիրներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև եղած խոսակցությունները դուրս եկան կուսակցության ներսից և դարձան քննարկման առարկա, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ կուսակցությունն իշխանական և քաղաքական մեծացող ուժ է, իսկ քաղաքական ուժը միշտ հրապարակային է եղել, ուստի այստեղ որևէ խնդիր չի տեսնում, այն պարզապես բանավեճ է, և կարգավորումներ կլինեն։
«Մենք այս ամենը կուսակցության ներսում կքննարկենք, այժմ այսքանը կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի՝ ներքին խմբերի մասին հայտարարությանը, ապա ընտրությունների ժամանակ ինքս նման խմբերի չեմ տեսել։ Եթե պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք դրանք կքննարկենք»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցում են շրջանավարտների դիպլոմների հանձնման տոնական միջոցառմանը։
Լրագրողներն Արայիկ Հարությունյանից նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված այցն այդ բուհը, գուցե հայ-ռուսական հարաբերություններո՞վ, նա պատասխանեց՝ բացի այն, որ պարբերաբար այցելում են բուհեր, այցը պայմանավորված է նաև հայ-ռուսական հարաբերություններով։
Զվարթ Խաչատրյան