«Մենք ունենք օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն». նախարար Պապիկյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել հունիսի 24-ին ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերություների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որի օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։
«Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում մենք ունենք օդային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն, որը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները և միևնույն ժամանակ բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ուղևորահոսքերին առնչվող, այնպես էլ օդային տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում նախարարը ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանը, անվտանգության ապահովման համակարգին և անձնակազմի աշխատանքներին։ Օդանավակայանի տարածքում շրջել է ժամանման և մեկնման սրահներում, հետաքրքրվել ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներով։