«Դուք լավ գիտեք՝ ով ով է, և լավ կհասկանաք, թե ինչն է նրանց ցավեցրել». Լևոն Յոլյան

«Արձանագրվել են միլիարդավոր դրամի անհամապատասխանություններ, որոշ նյութեր կցվել են հարուցված քրեական գործերին, մյուսների մասով դատախազական աշխատանքներ են տարվում, որոնք սահուն և արդյունավետ կերպով են ընթանում: Սա է ավելի կարևոր, ոչ թե՝ մե՞նք կուղարկենք, թե՞ իրենք կպահանջեն: Կարևորը նա է, որ մեր բոլոր նյութերը խիստ հրապարակային են և հասանելի»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով ՀՊ-ի տարեկան հաղորդման քննարկմանն ԱԺ նիստում և հիմնական հարցադրմանը՝ ինչո՞ւ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն:

Պետբյուջեի վերականգնումների հարցը, ըստ նրա, օրենքով ՀՊ-ի լիազորությունը չէ.

«Նման պարտավորություն դրված չէ մեզ վրա: Այդ գործը պետք է իրականացնի քննչական մարմինը, դատական մարմինները: Վերահսկիչ պալատը նախկինում ունեցել է նման հաշիվ, բայց եթե շարժը նայենք, այն եղել է ձևական բնույթի»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատությանը՝ Լ.Յոլյանը հայտարարեց, որ լինում են անձնական շահերից բխող, ոչ առողջ քննադատություններ:

Նրա խոսքով՝ դա իրենց գործի մասն է, որովհետև հաշվետվությունը շոշափում է ազդեցիկ մարդկանց շահեր, որոշները՝ արտերկրում հանգրվանած, փորձում են այլոց շուրթերով ցեխ նետել իր վրա.

«Դուք լավ գիտեք՝ ով ով է, և լավ կհասկանաք, թե ինչն է նրանց ցավեցրել»:

Արման Բաբաջանյանից բացի, ըստ նրա, ԲՀԿ-ական Շաքե Իսայանն իրեն հիշեցրել է էներգետիկայի ոլորտում նախարար աշխատած 6 ամսիները, և հարցրել է, թե ինչու ՀՊ-ն չի անդրադարձել այդ ժամանակաշրջանին:

Յոլյանի խոսքով՝ կա էթիկայի և կոռեկտության խնդիր, միջազգային ստանդարտներ, որ մարդը սահմանափակված է իր նախկին աշխատավայրի ստուգումների ժամանակ, և դրա համար ՀՊ-ն չի ստուգել ԲԷՑ-ը.

«Ոչ մի բան ոչ վերահսկելի չի մնացել, ընդ որում՝ Պետական վերահսկողական ծառայությունը Պալատից ավելի շուտ է ստուգում սկսել ԲԷՑ-ում՝ ներառելով ավելի վաղ ժամանակաշրջանը»:

ՀՊ-ն ԲԷՑ-ում արձանագրել է 16մլրդ դրամի անհամապատասխանություն և այժմ ԱԱԾ-ն զբաղվում է դրանով:

Անդրադառնալով Ա.Բաբաջանյանի այլ մտքերին՝ Յոլյանը խոսեց իր և իր ընտանիքի բիզնեսների վերաբերյալ որոշ փաստերի մասին՝ «Մարկ ինթենեյշնլ» ՍՊԸ-ն հիմնել է ինքը, 1996թ-ին, երբ եղել է Մոսկվայում և զբաղվել բիզնես գործունեությամբ:

Լ.Յոլյանը նշեց, որ այդ ընկերությունը 92-րդ խոշոր հարկատուն է եղել, հետո դինամիկան բացասական միտում է ունեցել, ապա կազմակերպությունն իր գործունեությունը դադարեցրել է. «Շուրջ 4 տարի է, ոչ մի բիզնեսով չեմ զբաղվում»:

Նա նշեց, որ «ՄակրոԵրևան» ՍՊ-ն նույնպես ստեղծվել է իր մասնակցությամբ, 2010թ-ին դադարեցրել է գործունեությունը:

ՀՊ նախագահը վստահեցրեց, որ ինքն ու իր հարազատ անձինք հանքարդյունահանմամբ չեն զբաղվել, միայն կինն է ունեցել լիցենզիա ուսումնասիրություններ իրականացնելու, բայց անհեռանկարային է եղել և դադարեցրել է. «Դա ներկայացնել, որ ոսկու արդյունաբերմամբ է զբաղվել, հեռու է իրականությունից»:

Տեսանյութեր

Լրահոս