«Տրամաբանական ու ճիշտ կլիներ, որ ՀՀ իշխանությունը չնկատեր Քոչարյան-Կոպիրկին հանդիպումը»․ Սկակով

«Նման արձագանքները չեն նպաստում հայ-ռուսական հարաբերություններին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ-ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին հանդիպմանը և դրան հաջորդած զարգացումներին։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին տեղի ունեցած այս հանդիպումը  գրավել է իշխանության ուշադրությունը։ Քոչարյան-Կոպիրկին հանդիպման փաստը քննադատել էին իշխանության որոշ ներկայացուցիչներ։

Իսկ նախօրեին ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները ԱԳ փոխնախարար Գրիգորի Հովհաննիսյանից հետաքրքրվել էին՝ արդյոք դեսպան Կոպրիկինը հրավիրվե՞լ է ԱԳՆ՝ պարզաբանումների, ինչին ի պատասխան՝ Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ դիվանագիտական արարողակարգով ԱԳՆ-ն որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չի կարող անել այս հանդիպման առնչությամբ։ Հովհաննիսյանը հայտնել էր նաև, որ ՌԴ դեսպանի քայլը չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ ԱԳՆ-ի կողմից, քանի որ նա որևէ սխալ բան չի արել։

Սակայն ավելի ուշ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը տեղեկացրել է, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ պետք չէ «ստորջրյա» իմաստներ փնտրել տվյալ հանդիպման փաստի հարցում և տվյալ հանդիպումը պետք է դիտարկել՝ որպես ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող վաղուց հայտնի քաղաքական գծի շարունակություն, որ պետք է խուսափել այս կամ այն երկրի ղեկավարի հետապնդումից հետսովետական տարածքում։

Այսինքն՝ ըստ նրա, սկզբունքն այն է, որ կարող են լինել հեղափոխություններ, մայդաններ, բայց երկրի նախկին ղեկավարը պետք է մնա անձեռնմխելի քրեական գործերից, պատիժներից անձեռնմխելի։

Դա, Սկակովի պարզաբանմամբ, չի վերաբերում այնպիսի կերպարների, ինչպիսին Սահակաշվիլին է, քանի որ, նրա որակմամբ, Սահակաշվիլին սահմաններից դուրս է, բայց մնացածին վերաբերում է, ինչպես, օրինակ՝ Ղրղըզստանի նախկին նախագահ Ասքար Ակաևին։

«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները որոշ մտավախություններ ունեն ապագայի վերաբերյալ, լավ է, թե վատ, չէի ցանկանա մեկնաբանել, բայց դա կա։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս դրվագը լուրջ հետևանքներ չի ունենա երկու երկրների ղեկավարությունների միջև հարաբերությունների վրա»,- ասաց նա։

Սկակովը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները մտավախություններ ունեն, որ Մոսկվան կարող է խաղադրույքներ անել ՀՀ-ում ինչ-որ ընդդիմության վրա։ Բայց, նրա համոզմամբ, այդ մտավախություններն անհիմն են, քանի որ, նրա կարծիքով՝  Քոչարյանը ռեալ ընդդիմություն չէ Հայաստանում, իրական ընդդիմություն չկա՝ ակտիվ, իր ծրագիրն ու դիրքորոշումն ունեցող։ Ուստի այդ մտավախությունները, Սկակովի խոսքով, եթե նույնիսկ կան, անհիմն են։

Ռուս քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ ՀՀ իշխանության տեսանկյունից ավելի տրամաբանական և ճիշտ կլիներ չնկատել, անտեսել այդ հանդիպման փաստը՝ որևէ կերպ  չարձագանքելով դրան։

«Այս արձագանքը պարզապես անիմաստ է և չի նպաստում հայ-ռուսական հարաբերություններին, թեև ես լուրջ հետևանքներ չեմ կանխատեսում այս հանդիպման շուրջ ծավալված իրադարձություններից հետո»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս