Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին
Երևանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։