Բաժիններ՝

Մոսկվան Իրանին նախազգուշացրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վտանգի մասին

Մոսկվան Թեհրանին նախազգուշացնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վտանգի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Խոսելով միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների մի մասի կատարումը կասեցնելու՝ մայիսի 8-ին Իրանի կողմից հայտարարված որոշման մասին, Ռյաբկովը նշել է, թե Մոսկվան ելնում է այն բանից, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) 26 եւ 36 պարագրաֆները Իրանին թույլ են տալիս «գործել այնպես, ինչպես նա գործում է»:

«Դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այն ամենին, ինչ ձեռնարկում է Իրանը, ամենեւին ոչ: Ընդհակառակը, մենք Իրանին նախազգուշացնում ենք ՄԶՉՊ-ից դուրս գալու՝ ամենաբարձր մակարդակով հայտարարված մտադրության իրագործումից, օրինակ, եթե հակաիրանական պատժամիջոցների թեմաները վերստին ակտուալացվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում»,-ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

«Մենք դա ճիշտ չէինք համարի եւ մեծ հաշվով՝ կդիտարկեինք որպես վտանգավոր զարգացում, դա որպես օրինակ»,-հավելել է նա: Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով Իրանի նախագահի դիվանատանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել է, որ Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հետ կապված իրադրության հարցն առաջադրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս